Պատերազմական օրերին Հայաստան է բերվել 10 հազար գլուխ կենդանի: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս օրերին վերահսկողության խիստ ռեժիմի է անցել: Սակայն թիվը, ըստ ՍԱՏՄ ղեկավարի՝ կարող է և ավելի լինել:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Հիմա գյուղերում փորձում ենք ճշտումներ անենք, քանի որ, մեր կարծիքով, սա այն թիվը չի, որ պետք է լիներ, և կլինեն կենդանիներ, որոնք բերվել են սարերով, դաշտերով, և կարող են մեր աչքից վրիպած լինեն այդ կենդանիները:
Յուրաքանչյուր հայտնաբերված կենդանի թե՛ ճանապարհային անցակետերում, թե՛ գյուղերում ստուգվում և պատվաստվում է՝ ասում Է ՍԱՏՄ ղեկավարը:
Գեորգի Ավետիսյան - Սկսել ենք առաջին հերթին դաբաղ հիվանդությունից: Ինչպես նաև արյուն ենք վերցնում բրուցելոզ հիվանդության համար:
Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ միջոցառումների ընթացքում անասնահամաճարակի դեպք չի գրանցվել՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարը: Բոլոր կենդանիները կպատվաստվեն նաև պետպատվերով սահմանված այլ հիվանդությունների դեմ: Հուլիսից իրացման ցանցում, մասնավորապես, Երևանում արդեն վաճառվում է բացառապես սպանդանոցային ծագման միս: Սակայն բակային չգրանցված վաճառքը դեռ պահպանվում է, և ՍԱՏՄ-ը գործընթացը վերահսկելու լիազորություն չունի:
Գեորգի Ավետիսյան - Միշտ կոչ ենք անում, որ փողոցում վաճառվող՝ մեքենաների թափքից մսեղիք չգնեն:
Խնդիրն առկա է նաև ձվի, կաթնամթերքի, ձկան իրացման շուկայում: Եթե խանութում հայտնվի ոչ սպանդանոցային միս, կտուգանվի 100 հազար դրամով: Ունենք 72 սպանդանոց, որից 38-ը ծառայություն են մատուցում: Մնացածը ներտնտեսային են, երկու սպանդանոց գործում է շարժական: 25 սպանդանոց դեռ կառուցման փուլում է: