Այս պահին ունենք 72 սպանդանոց, որոնցից 38-ը ծառայություն են մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են՝ այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ պատերազմի ընթացքում ներդրումները նվազել են:
«Ունենք ևս երկու շարժական սպանդանոց: Ներդրողները պատրաստվում են դեռ ներկրել: Երևանում 5 սպանդանոց ունենք, Արագածոտնում՝ 6, Արարատում՝ 9, Կոտայքում՝ 21, Արմավիրում՝ 9, Գեղարքունիքում՝ 5, Լոռիում՝ 7, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 4, Վայոց ձորում՝ 1»,- ասաց Ավետիսյանը:
ՍԱՏՄ ղեկավարը հիշեցրեց իրենց հայտարարությունը, որ 70-80 սպանդանոցն ամբողջությամբ բավարար է երկրի կարիքները փակելու համար, սակայն հիմա հասանելիության խնդիր կա.
«Բացի թվից, նաև հասանելիության հարց կա: Շիրակում երկու սպանդանոց կա, որը բավարար չէ: Վայոց ձորում ճիշտ կլինի՝ առնվազն ևս մեկը կառուցվի, Սյունիքում դեռ կան կառուցվող սպանդանոցներ, և կա դրա կարիքը: Մնացած տեղերում, կարելի է ասել՝ հասանելիությունը բավարար է: Դեռ սպասում ենք 25 սպանդանոցների, որոնք կառուցման ու ներքին հարդարման պրոցեսում են»: