Ժամանակն է, որ ԱՄՆ Կոնգրեսը գործի, Ադրբեջանին ցանկացած հետագա օգնությունն ընդունի որպես անօրինականություն և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային ու դրանից բխող հետևանքներին է անդրադարձել The National Interest պարբերականը:
2020-ի մարտի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Ադրբեջանի հանդեպ հրաժարվել է կիրառել 1992-ի «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձևը: Այն արգելում է Ադրբեջանին տրամադրել որևէ աջակցություն, քանի դեռ Բաքուն գործնական քայլեր չի ձեռնարկել Արցախի հարցում խաղաղության հասնելու հարցում: Հետագայում Բիգանը հավաստում էր, թե Ադրբեջանը հավատարիմ է մնալու դիվանագիտությանը՝ Հայաստանի հետ իր վեճը լուծելու հարցում, ինչպես նաև օգնելու է հակազդելու ահաբեկչությանը: Նման վավերացման բացակայության դեպքում ԱՄՆ-ը հնարավորություն չէր ունենա ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:
«Կա՛մ հետախուզության ձախողում է, կա՛մ դիվանագետները ստել են»,- նշում է հոդվածագիրը: Ըստ նրա՝ ադրբեջանցիներն անակնկալի բերեցին հայերին, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղում: Հրթիռները, ԱԹՍ-ները և ավիահարվածները թիրախավորեցին ռազմաբազաները, առանցքային ենթակառուցվածքները և քաղաքացիական նշանակության թիրախները Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, որը Ստալինն իր կառավարման սկզբնական տարիներին շնորհել էր Ադրբեջանին, մինչդեռ Խորհրդային Միության փլուզումից հետո այն ձգտում էր միավորվել Հայաստանի հետ:
Պարբերականը նշում է, որ տարիների ընթացքում էթնիկ բռնություններն աճեցին: Ադրբեջանցիները ջարդեր սկսեցին Սումգայիթում և Բաքվում գտնվող հայ քրիստոնյա բնակչության դեմ: Ի վերջո, հայերը կարողացան կոտրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է:
Պարբերականն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, որոնք ԱՄՆ պետքարտուղարությունն ու ամերիկյան հետախուզությունն անտեսել են: Միաժամանակ նշվում է, որ թուրքական F-16 կործանիչներները զորավարժությունից հետո մնացին Ադրբեջանում և մասնակցեցին սեպտեմբերի 27-ի գրոհներին:
Ադրբեջանի՝ դիվանագիտությունից հրաժարվելը բավարար հիմք կլիներ, որպեսզի Սպիտակ տունը և ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցնեն 907 բանաձևից հրաժարումը: Միաժամանակ նշվում է, որ Ալիևը նաև խախտել է հակաահաբեկչական պարտավորությունները՝ օգտագործելով սիրիացի վարձկանների, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետության» հետ: Հայաստանի պաշտոնյաները հաստատում են սիրիացի վարձկանների գերեվարումը:
«Ութ տարի առաջ ես ԱՄՆ Կոնգրեսում վկայություն էի տալիս Հարավային Կովկասի թեմայով: Այդ ժամանակ ես ԱՄՆ-ի համար ավելի լավ դաշնակից համարում էի Ադրբեջանին, քան Հայաստանին: Սակայն այսօր իրականությունը փոխվել է երկու գործոնի պատճառով: Նախևառաջ՝ 2018-ին Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ: Այսօր դա ժողովրդավարություն է, մինչդեռ Ադրբեջանում բռնապետությունն ավելի է խորացել: Երկրորդ՝ սիրիացի վարձկանների օգտագործումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ավելի շուտ դարձել է ահաբեկչության հովանավոր, քան հակաահաբեկչական գործընկեր»,- հայտնել է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը:
Այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, Ջո Բայդենի վարչակազմը պետք է Մագնիտսկու ակտի պատժամիջոցները կիրառի Լեռնային Ղարաբաղի պատերազմում մարդու իրավունքների ոտնահարման ու պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ: «Ադրբեջանը բացարձակ բռնապետություն է»,- եզրափակում է հեղինակը: