ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր, այդ թվում նաև՝ իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:
ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018 թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020 թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում այդ այցը կկազմակերպվի:
Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Պարոն դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը: