2000-ականներից հայկական ակումբային ֆուտբոլում սկսեցին հայտնվել լեգեոնականներ։ Նրանց թվի ու աշխարհագրության աճը լրիվ նորմալ դարձավ մեր ակումբների ու հայ երկրպագուի աչքի համար։
Արդեն սովորական էր տեսնել կազմերում հատկապես սերբերի, բրազիլացիների ու Աֆրիկա մայրցամաքի ներկայացուցիչների։ Տրամաբանորեն եկան ժամանակներ, երբ նրանք անգամ սկսեցին հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Ծնունդով նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն իր նորամուտը նշեց հավաքականում Ազգերի Լիգայի վերջին խաղարկության ընթացքում։ Նա մեկն էր այն ինը ֆուտբոլիստից, ովքեր Խոակին Կարապրոսի գլխավորությամբ իրենց՝ հավաքականի մի մասնիկ զգալու հնարավորություն ստացան։ Ուդոն նաև այդքան կարևոր Հյուսիսային Մակեդոնիայի հետ վերջին տուրի խաղում, խաղադաշտ դուրս եկավ ազգային ընտրանու մեկնարկային կազմում։
Ուդո - Ինձ համար անսպասելի չէր։ Անգամ երբ «Ուրարտու»-ում էի, կար նման հրավերի հավանականություն, և այդ թեմայով խոսել ենք, թե արդյոք կցանկանա՞մ խաղալ, ու երբ նման առաջարկ ստացա, պատասխանս դրական էր։ Ես պարտավոր էի այն ընդունել, քանի որ միշտ երազել եմ խաղալ ազգային ընտրանու կազմում, քանի որ սիրում եմ Հայաստանը:
Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում Աֆրիկա մայրցամաքի ներկայացուցիչ ֆուտբոլիստները նորություն չեն։ Արդեն 2000-ականներին նման պատվի արժանացել են ծնունդով կամերունցի՝ «Փյունիկի» ֆուտբոլիստներ Կառլ Լոմբեն ու հատկապես դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեն, որը մեկնարկային կազմում անցկացրել է միանգամից վեց հանդիպում։ Հետագայում Բետեն աչքի ընկավ նաև Ֆրանսիայի առաջնությունում, երբ սկսեց հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։ Պարզվեց՝ Սոլոմոն Ուդոն չգիտեր, որ Հայաստանի ազգային հավաքականում նա առաջին աֆրիկացի ֆուտբոլիստը չէ․ իհարկե, նա առաջին նիգերիացին է։
Ֆուտբոլիստը խոստովանում է, որ ազգային ընտրանու կազմում իրեն լավ են ընդունել։ Նա հակված էր կարծելու, որ ծանր կլինի, սակայն իրականությունն ու սպասումները լրիվ տարբեր էին։
Ուդո - Սկզբում մտածում էի, որ մի քիչ տարօրինակ կլինի, բայց դա միայն ես էի, որ այդպես էր մտածում։ Մարդիկ այնտեղ շատ ընկերական են, ու շատ կարճ ժամանակահատվածում ես հարմարվեցի թիմի ներքին մթնոլորտին։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը համատեղ աշխատանքի տարիների փորձ ունի ծագումով ոչ հայ ֆուտբոլիստների հետ։ Նրանցից որոշներն անգան հասցրել են դառնալ ազգային հավաքականի լեգենդներ՝ Ռոման Բերեզովսկի, Մարկոս Պիզելի։ Պատահական չէ, որ մեր ընտրանու մարզչական շտաբի ու առհասարակ հավաքականի հետ աշխատող թիմի համար, լրիվ սովորական է տեսնել ծագումով ոչ հայ ֆուտբոլիստի երկրի գլխավոր ֆուտբոլային ընտրանու կազմում։ Ազգերի լիգայի խաղարկության արդեն ավարտված մրցաշրջանը միանշանակ կարելի է հաջողված համարել, ու այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև ազգային հավաքական հրավիրված Սոլոմոն Ուդոն և Վբեյմար Անգուլոն։
Այս պահին Ուդոն իր ապագան տեսնում է Երևանի «Արարատ»-ում ու պատրաստվում է պայքարել ամենաբարձր տեղերի համար։