Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։
Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Նկատել էին, որ խանութի դուռը բաց է, և ոստիկանության Նոր Նորքի բաժնից օժանդակ ուժեր էին խնդրել։ Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության օպերատիվ խումբը։
Ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու անձի, որոնք չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ ու փորձել փախուստի դիմել։ Փախուստը կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել, հետապնդել, դիմակավորված անձանց վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նախազգուշական կրակոցից տուժածներ կամ վիրավորներ չկան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել է ծառայողական քննություն:
Կատարվում է նախաքննություն։