Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Եվրամիությունը ԱՄՆ 46-րդ նախագահ դարձող Ջո Բայդենին պետք է առաջարկի մշակել ընդհանուր քաղաքականություն Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների նկատմամբ՝ գրում է DW-ը:
Բացի դրանից՝ Եվրախորհրդի ղեկավարը պնդում է շուտափույթ դադարեցնել Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև առևտրային պատերազմը և վերացնել դրա հետևանով ստեղծված մաքսատուրքերը: Բրյուսելը պետք է Վաշինգտոնին առաջարկի «դրական առևտրային օրակարգ»՝ համոզված է Շառլ Միշելը: Առևտրից բացի՝ նա ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության կարևոր կետեր է համարում կլիմայի պաշտպանությունը, բազմակողմանիության քաղաքականությունը, խաղաղության ապահովումը և COVID-19 համաճարակի դեմ պայքարը:
Շառլ Միշելը նաև մատնանշում է Բրյուսելի և Վաշինգտոնի ընդհանուր շահերը կիբեռանվտանգության, հակաահաբեկչության և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում:
Եվրոպական խորհրդի ղեկավարը Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան հրավիրել է մասնակցելու Եվրամիության 2021 թվականի գագաթնաժողովին: