Այսօր ճանապարհում ենք մեր ժամանակների ամենածանր աշունը: Արցախյան պատերազմը հազարավոր երազանքներ, ցավոք, անկատար թողեց: Հայկական հեռուստատեսության հիմնադրման օրվանից մինչև այսօր ամեն տարի հիմնադրման օրը տոն է եղել: Այս տարի օրվա խորհուրդն այլ էր՝ շնորհակալության ու խոնարհումի՝ Արցախում զոհված Հանրայինի մեր գործընկերներին, պատերազմին մասնակցած և ամենաթեժ կետերում մասնագիտական պարտքը կատարած հեռուստատեսության աշխատակիցներին:
Որդու կարոտը, կորստի ցավը, հպարտությունը, բոլոր զգացողություններն Արտյոմի մայրը նորից վերապրեց: Սա այն անկյունն է, որտեղ գործընկերները կհիշեն ու կմեծարեն նրա որդուն՝ Արտյոմ Քոլանջյանին ու Հանրային հեռուստաընկերության մեկ այլ աշխատակցի՝ Պողոս Հակոբյանին:
Հանրային հեռուստաընկերությունում այսօրվանից կգործի փոքրիկ թանգարան: Արցախյան պատերազմից մնացած մեր գործընկերների ամենածանր պահերի ու տղաների սխրանքների վկայություններն են այստեղ: Հայկական հեռուստատեսության հիմնադրման օրն այս տարի ուրիշ խորհուրդ ուներ: Հեռուստատեսությունը մեծարում է պատերազմի ժամանակ կյանքը հայրենիքին զոհաբերած աշխատակիցներին:
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Նրանք զոհվեցին մեր ազգային արժանապատվության համար: Կռվեցին մինչև վերջ, որ հայ ժողովուրդն իրեն պարտված չհամարի: Տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք ապրենք հպարտ: Մենք պարտական ենք նրանց մեր արժանապատվությամբ, մեր հավատով, որ կդիմակայենք փորձություններին, և մեր հույսով, որ դեռ հաղթելու ենք մեր զավակների համար ապագա ստեղծելով:
Արտյոմի մայրը Հանրային հեռուստաընկերության փոքրիկ թանգարանին հանձնեց որդու ուսադիրն ու պատերազմի ժամանակ ձեռքին եղած ժամացույցը: Հեռուստատեսությունում նրա մասին խոսելիս գործընկերներն ասում են՝ շատ տաղանդավոր էր, անչափ սիրում էր կյանքն ու ուներ բազմաթիվ երազանքներ:
Դավիթ Քոլանջյան (Արտյոմ Քոլանջյանի եղբայրը) - Մայրս զարմացած էր. ինչպե՞ս կարելի է այդքան երազանք ու նպատակ թողնել և այդքան հայրենասեր լինել, թողնել ու գնալ: Առաջին օրվանից հագած-կապած նստում սպասում էր, երբ է գնալու, երբ են կանչելու իրեն:
Արտյոմի օրինակով ու խորհրդով եղբայրը շատ է սիրելու կյանքը: Վերջին հաղորդագրությամբ էլ դա է պատգամել: Հանրայինից մեկ այլ նվիրյալի՝ Պողոս Հակոբյանի կինը, պատմում է, որ Պողոսն էլ պատերազմի առաջին օրվանից կազմ-պատրաստ սպասել է, թե երբ է մեկնելու Արցախ: Հանրայինից գնացող խմբի մեկնումը հետաձգվել է, չի համբերել, շուտ էր պետք հասնել Արցախ:
Սիրանույշ Ղազարյան (Պողոս Հակոբյանի այրին) - Գնաց, ասաց ես չեմ կարող մնալ այստեղ, իմ երեխան այնտեղ է, անօգնական, ավելի լավ է՝ ես էլ գնամ:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով նահատակված մեր գործընկերներին նվիրումի համար, հարազատներին հավաստիացրեց, որ հեռուստատեսության դռները միշտ բաց կլինեն Արտյոմի ու Հակոբի ընտանիքների համար:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Ես ուզում եմ, որ մենք երբեք չմոռանանք մեր երկու գործընկերների սխրանքը և չմոռանանք այս վեց տասնյակ գործընկերների աշխատանքը, ովքեր մեր անունը բարձր պահեցին:
Հանրային հեռուստաընկերության շուրջ երկու տասնյակ աշխատակից Արցախում մասնակցել է պատերազմական գործողություններին: Հեռուստատեսությունն այսօր նրանց պարգևատրում էր շնորհակալագրերով: Տնօրինությունը շնորհակալություն է հայտնում նաև մեր այն գործընկերներին, որոնք, մոռանալով ամեն ինչ, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ լուսաբանեցին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները՝ շատ հաճախ վտանգելով սեփական կյանքը:
Հովհաննես Մովսիսյան - Չորս տասնյակից ավելի մեր գործընկերներ մասնակցել են պատերազմական գործողությունների լուսաբանմանը կամ աշխատել են օր ու գիշեր, որպեսզի Հանրային հեռուստաընկերության աշխատանքն անխափան լինի:
44 օր հագուստի անբաժան մաս դարձած մեր գործընկերների զրահաբաճկոններից մեկն այսօր արդեն թանգարանային նմուշ է: Սրանք էլ այն բեկորներն են, որ ամեն րոպե կարող էին ընդհատել մեր գործընկերների կյանքը: «Լուրեր»-ի թիմի աշխատանքի ամենաթեժ և վտանգավոր պահերից մեկի վկայությունը դարձյալ թանգարանային նմուշ դարձած այս անվադողն է:
Մուշեղ Իսախանյան (Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի լրագրող) - Հիշո՞ւմ ես, այդ պահին ինչ տեղի ունեցավ, որ անվադողն այս վիճակում հայտնվեց: Իհարկե, հիշում եմ, դա մոռանալն անհնար է, դա իմ երկու հերթափոխի ընթացքում ամենավտանգավոր պահն էր: Թեժ մարտեր էին Հադրութում, ռմբակոծություններ, հրետակոծություններ, երբ քաղաքից դուրս էինք գալիս, բեկորը վնասեց անվադողը, և այդտեղ կանգնելն անհնար էր, մեր վարորդը շարունակեց վարել:
Պատերազմի օրերին զրահաբաճկոն հագավ ու «Լուրեր»-ի թիմի հետ որպես լրագրող հերթափոխի դուրս եկավ նաև այդ օրերին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյան (Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն) - Հիշում եմ, 25 հոգով պատերազմի առաջին օրերին ծվարել էինք ջազային նվագախմբի շենքի ներքնահարկում, մենք ամեն մեկս մտածում էինք, թե ինչ է լինելու, երբ պատերազմը վերջանա: Մենք արդեն տեսել էինք ամեն ինչ, մենք լրագրող ունեինք, որոնց վրա պայթյունից հետո մարմնի մասեր էին թռել, մտածում էինք, թե ինչ կանենք, երբ պատերազմը վերջանա, և այդ ընթացքում մեր հնչյունային ռեժիսորը ժամուկեսի ընթացքում մոտ 200 պայթյուն էր հաշվել: Ես համոզված եմ, որ մենք արել ենք առավելագույնը լուսաբանման համար:
Մեր գործընկերները տեսել են այն, ինչ անիրական ու միայն ֆիլմի սցենար կարող էր թվալ, զգացել են երբեք չզգացածը: 5-րդ սերնդի պատերազմը մեծ դասեր է տվել թե´ մասնագիտական, թե´ մարդկային առումներով:
Հայկ Նավասարդյան (Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի լրագրող և մեկնաբան) - Ամենաառաջնայինը, որ հասկացա, պետք է սրբորեն պահպանել տեղեկատվության ճիշտ մատուցելը: Մենք եղել ենք պատերազմի ամենաթեժ կետերում և որևէ բան չենք թաքցրել մեր հեռուստադիտողից. ցույց ենք տվել դիրքերում տիրող իրավիճակը, մեր տղաների տրամադրությունը և հրետակոծության տակ հայտնված քաղաքները, մարդկային կյանքերի կորուստները, ավերածությունները:
Սեփական կյանքը վտանգել են գիտակցաբար: Իրենց զենքը բարձրախոսն ու տեսախցիկն էին, որով հարկ եղած դեպքում պետք է հայտնվեին ամենաթեժ կետում, որպեսզի սերունդների համար պատմություն վավերագրեին: