Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մշտապես կարևորել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը՝ հայտնում են հիմնադրամից։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։
Դեռևս 2020 թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում:
Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Վերջերս հրապարակվել է նաև այս արժեքավոր գտածոյի վերաբերյալ գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:
2020 թ․ մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Հիշեցնենք, որ գյուղին հարակից տարածքը ճանաչված է որպես թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։