Կյանք, թե հայրենիք՝ նրանք ընտրեցին հայրենիքը, նրան անձնվիրաբար ծառայելը, մինչև վերջ: Արցախյան պատերազմի օրերին շատերը ոգևորվեցին, հպարտացան մեր տղաների հերոսություններով: Առաջնագծից լսեցին մեր խզված ձայնով հրամանատարի «Հաղթելու ենք»-ն ու գոտեպնդվեցին: Պատերազմի սիմվոլներից դարձած մեր հերոսը կարճ ժամանակով տանն է. սիրելիին խոստացել է՝ այս անգամ երկար սպասված նշանադրությունը չի ուշանա:
Արցախյան պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը հինգ ամիս անց տանն է: Պատերազմից առաջ էին մարտական հերթապահության համար դիրք բարձրացել, երբ հակառակորդն Արցախում լայնածավալ պատերազմ սանձազերծեց: Դիտակետից «մարտական կրա՛կ» կանչից հասկացան՝ թշնամին հարձակվել է:
Մնացական Ավետիսյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Առավոտյան անօդաչուների շարժը նկատել ենք, հաշվարկները տեղերում են եղել, դիտակետերի հետ աշխատելով՝ առաջին կրակը բաց ենք թողել հակառակորդի ուղղությամբ:
Հայ զինծառայողներից րոպեներ պահանջվեց հրետանին գործի դնել, հսկողությունը ձեռքը վերցնել և հակառակորդին իրավիճակ թելադրել:
Մարտկոցի հրամանատարը զինվորներից ոչ մեկին չի մոռանում: Հիշում է, թե ինչպես կրակի թեժ պահին լրագրողներին հանդիպեց: Առաջնագծից ուղարկված ռեպորտաժում խզված ձայնով տղաներն էին ռազմաճակատից ուժ ու ոգի փոխանցում թիկունքին:
Լիանա Ավետիսյան (Մնացական Ավետիսյանի մայրը) - Զանգեց, չճանաչեցի ձայնը, որ ինքն է: Երբ զանգն ուշանում էր, արագ հագնվում ու գնում էինք եկեղեցի:
Կարճ ժամանակ կմնա տանը: Պատերազմի համազգեստն է ու նաև նոր զինվորական հագուստը: Մնացականը կրկին մեկնելու է տղաների մոտ:
Մնացական Ավետիսյան - Պատիվ է կոչում ունենալը, կրելը:
Ծնունդով Ապարանից են, հայրը պահեստազորի սպա է: Մնացականն անկեղծանում է՝ մեծացել են հերոսական պայքարին նվիրված երգերով, որոնք ևս ազդել են զինվորականի մասնագիտության ընտրության վրա: Ռազմական համալսարանում սովորեցրել են բոլոր դժվարությունները՝ անգամ ֆիզիկականը հաղթահարել մտքով ու կամքով:
Մնացական Ավետիսյան - Ընտանիքի էմոցիաները, վախը... Չգիտեմ, ամեն դեպքում չեմ փոշմանել, հայրենիքի պաշտպանությունը կարևոր առաքելություն է բոլորիս համար:
Ծանր տարին մի քանի անգամ հետաձգել է պատերազմի զինվորի նշանադրությունը: Աննային խոստանում է՝ չի ուշանա: Մտքում անընդհատ 44-օրյա պատերազմն է, զինակիցների սխրանքը, խնդիրները հաղթահարելու ու ապագայի մասին մարտական ընկերոջ խոսքը:
Մնացական Ավետիսյան - Նվեր Կիրակոսյանն ասում է՝ պետք է լինենք զուսպ լավատես, պիտի մեր մեջ ապրենք, ու ամեն ինչ կլինի: Պատվախնդրորեն պիտի ընդունենք, որ այս իրավիճակում ենք, դա մեր առաջին լուրջ քայլը պետք է լինի:
Մնացական Ավետիսյանն առաջինը շտապում է Եռաբլուր՝ խնկարկելու զոհված ընկերների հիշատակը: Թշնամու հարձակումից հետո հերոս զինվորներից Ալբերտ Հովհաննիսյանն է առաջինը քաշել հրանոթի ձգանը՝ վստահ, որ բեկելու է մարտի ելքը:
Մնացական Ավետիսյան - Ալբերտն իսկական մարտիկ էր, հերոսը քիչ է: Մարտական դիրքերի վրա հարձակում էր, ուզում էր կրակոցը կատարել: Կյանք, թե հայրենիք՝ նա ընտրեց հայրենիքը: Իր ու իր նմանների շնորհիվ ողջ մնացինք:
Արտակ Հովհաննիսյան (Ալբերտ Հովհաննիսյանի հայրը) - Մնացականն է օգնել, իջեցնել դիրքերից: Որպես անմիջական հրամանատար, եթե չլիներ Մնացականը, ես էլ պետք է շատ ծնողների նման փնտրեի: Ինքն ինձ համար իմ Ալբերտն է:
Մնացականն Արտակ Հովհաննիսյանի համար արդեն ոչ միայն հրամանատար է: