Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում նախագծի երկրորդ փուլը ևս ամբողջությամբ ավարտվել է: Արդյունքում 674 LED լուսատու է տեղադրվել Եզնիկ Կողբացի, Զաքյան, Ֆուչիկի, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց, Արմենակյան, Գևորգ Հովսեփյան փողոցներում և Գայի պողոտայում: Ընթացիկ տարում ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով են լուսավորվել նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքը:
Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը: Նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:
Երևանի քաղաքապետարանի 2020 թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակի փոխարինման գործընթացը: Դրանցից 251-ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռք են բերվել և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։