Հետպատերազմյան կտրուկ տատանումներից հետո վերջին օրերին արտարժույթի շուկայում կայունություն է նկատվում։ Դոլարն ու եվրոն թեև պահպանում են բարձր փոխարժեքը, բայց ամենօրյա կտրուկ աճ չեն գրանցում։ Կենտրոնական բանկից քաղաքացիներին հորդորում են՝ դրամից ազատվել մի շտապեք, ֆինանսական շուկան այլևս անհանգիստ չէ։
Երեքշաբթի դրամի արժեզրկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրելուց հետո գլխավոր դրամատունը միջամտեց գործին ու դոլարի առաջարկ ներկայացրեց շուկային։ Բանկի նախագահի գլխավոր խորհրդականը տեղի ունեցածը համարում է անորոշության արդյունք։
Արժութային շուկայում նման տատանում արձանագրվել էր նաեւ կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ՝ սա էլ հիշեցնում է տնտեսագետ պատգամավորն ու բացատրում՝ հիմա համանման, բայց փոքր ինչ ավելի մեծ անհանգստության ալիք բարձրացավ։ Ու որպեսզի սպեկուլյանտերն առիթից չօգտվեն, կենտրոնական բանկը ժամանակին միջամտեց։ Արտակ Մանուկյանի խոսքով՝ ֆինանսական շուկայի կայունացման համար իրենց դերն ունեցան նաեւ քաղաքացիները, դոլար եվրո գնելու համար փոխարժեքի կետերում հերթերը պակասեցին։
Անցած շաբաթվա սկզբին 1 դոլարի փոխարժեքը 515 դրամի սահմաններում էր, իսկ եվրոյին՝ 610-ի, ապա այսօր արդեն շուկայում մեկ դոլարը կարելի է գնել 503 դրամով, իսկ եվրոն 598-ից մինչև 600։ Կայունացում կա, բայց դրամի արժեզրկումը որոշակի ազդեցություն ունենալու է ներմուծված ապրանքների գների վրա՝ նշում է տնտեսագետ պատգամավորը։
Գնաճը կլինի, բայց ոչ էական, կառավարելի սահմաններում՝ վստահեցնում են կենտրոնական բանկից։ Ասում՝ դրամի արժեզրկումը չի ազդի մարդկանց գնողունակության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում, որպես ֆինանասական կայունության երաշխավոր, կմիջամտեն, կկիրառեն եղած գործիքակազմը։
Պատերազմի հետևանքները, սակայն, տնտեսության վրա աննկատ չեն մնա՝ ասում է Արտակ Մանուկյանն ու նշում՝ տարին, ըստ կանխատեսումների կփակվի 7-8 տոկոս տնտեսական անկումով։ Մասնագետները մեծ հույսեր չեն կապում նաեւ դեկտեմբերի ու նախատոնական սեզոնի հետ, երբ շուկան ակտիվանում էր, տնտեսությունն՝ աշխուժանում։