Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին, որոնք մեկնարկում են 2020-ի նոյեմբերի 30-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։
Զորավարժությունները, որոնք անցկացվում են 2017-ից, պաշտպանության և անվտանգության ոլորտում Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև եռակողմ համագործակցության մաս են կազմում:
Ըստ Ermenihaber-ի, համագործակցությունն այս տարի էապես ամրապնդվում է, քանի որ առաջին անգամ մասնակցելու են Ֆրանսիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած ուժերը:
Բազմազգ զորավարժությունները տեղի կունենան նաև Եգիպտոսում, մասնավորապես Ալեքսանդրիայում և Կահիրեի թռիչքների տեղեկատվական շրջանում:
Զորավարժությունների ընթացքում, որոնք կանցկացվեն երեք փուլով, կկիրառվեն որոնողափրկարարական աշխատանքներ, էլեկտրոնային պատերազմներ, վերգետնյա վարժանքներ, և գործի կդրվեն ծովային կազմավորումներ: Նշվում է, որ Թուրքիան իրեն մեկուսացված է զգում Արևելյան Միջերկրական ծովում զորավարժանքների պատճառով: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է. «Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ով է ցանկանում լարվածության աճ, խուսափում երկխոսությունից և չի ցանկանում խաղաղություն»: