Ադրբեջանի հրահրած պատերազմի հետևանքով Արցախի մոտ 40 հազար քաղաքացի զրկվել է բնակարանից: Տեղահանված 5 հազար անձ ժամանակավորապես տեղավորվել է Արցախի տարբեր համայնքներում:
Ժիրայր Միրզոյան (Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար) - Մենք շարունակում ենք հայտարարել, որ այն քաղաքացիները, ովքեր կորցրել են իրենց բնակարանները, չպետք է շտապել Արցախ վերադառնալու հարցում, պետք է անընդհատ կապի մեջ լինել իրենց տեղական ինքակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի վերադարձը լինի նախապես համաձայնեցված, համակարգված, և որպեսզի Արցախում նրանք վերադառնալու պահին չունենան բնակտարածքով ապահովվելու խնդիր:
Արցախի մայրաքաղաքում հիմա շուրջ 55 հազար բնակչություն կա,- նկատում է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարը: Ավելացնում է՝ խնդիր ունեն չկենտրոնացնել բնակիչներին Ստեփանակերտում:
Ժիրայր Միրզոյան - Հետևյալ կերպ ենք տեղավորում վերադարձող քաղաքացիներին, ովքեր բնակարան չունեն՝ քաղաքի բնակիչներին Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, իսկ գյուղական համայնքի բնակիչներին՝ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու գյուղական համայնքներում:
Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ Արցախում սպասվում են մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր: Դրանց մասին՝ առաջիկայում: Իսկ մինչև այդ հայտարարված սահմանաչափով պետությունը կփոխհատուցի տեղահանված քաղաքացիների բնակվարձերն Արցախում:
Ժիրայր Միրզոյան - Մենք երկու շեմ ենք սահմանել: Ստեփանակերտ քաղաքում մեկ սենյականոց բնակարանի համար նախատեսել ենք հատկացնել 40 հազար դրամ, երկու սենյականոցը՝ 50 հազար դրամ, երեք սենյականոցը՝ 60 հազար դրամ, իսկ գյուղական համայնքներում՝ սկսած 30 հազար դրամից:
Երևանում և Հայաստանի մարզերում հաստատված արցախցիների համար կառավարությունը վարձավճարի փոխհատուցում չի նախատեսում: Փոխարենը հորդորում է մոտենալ արցախցիների հարցերով զբաղվող՝ իրենց տարածքային կառավարման մարմիններին, որոնք շարունակում են տարբեր ձևով աջակցություն ցուցաբերել: