Իրանում տեղի է ունեցել միջուկագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի հուղարկավորությունը: Արարողությանը մասնակցել են միայն Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներն ու նրա ընտանիքի անդամները: Իրանը Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել: Երկրի գլխավոր դատախազը սպանություն կատարողների և դրա կազմակերպիչների դատական հետապնդման համար աշխատանքներ է սկսել: Իրանական լրատվամիջոցներն էլ գրում են, որ զենքը, որով սպանել են իրանցի միջուկային ֆիզիկոսին, արտադրվել է Իսրայելում:
«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ Է վերադարձել Արևելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո, որը սկսվել էր օգոստոսի 10-ին. 2D ձևաչափով տվյալները հավաքվել են մոտ 11 կիլոմետր ձգվող ծովի խորությունից: Վերջին ամիսներին իրադրությունը Արեւելյան Միջերկրածովում սրվել է, մասնավորապես, այս շրջանում Անկարայի հանքախուզական գործունեության ակտիվացման կապակցությամբ: Թուրքիան նավթի և գազի հետախուզում է իրականացնում այն ջրատարածքներում, որոնք Հունաստանը և Կիպրոսը համարում են իրենց բացառիկ տնտեսական գոտին: Դա տարաձայնություններ է առաջացնում Անկարայի և ԵՄ-ի մի քանի երկրի միջև:
Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել Մերձդնեստրի ապակայունացմանը, Ռուսաստանն ակնկալում է քննարկել խաղաղապահների և կտրուկ փոփոխությունների բացակայության թեման՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել Մերձդնեստրից Ռուսաստանի ռազմական անձնակազմի օպերատիվ խումբը դուրս բերելու, ինչպես նաև խմբի կողմից հսկվող զենքի պահեստները տարածաշրջանից հանելու հարցերը: Սանդուն համոզված է, որ Մերձդնեստրում երկար ժամանակ է արդեն՝ ռազմական գործողությունների վտանգ չկա, հետևաբար խաղաղապահ առաքելությունը պետք է փոխարինվի քաղաքացիականով՝ ԵԱՀԿ հովանու ներքո: Սանդուն նաև կարծիք է հայտնել, որ Մերձդնեստրում Լեռնային Ղարաբաղի սցենարի կրկնության սպառնալիք չկա:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մամուլի ծառայության բոլոր ղեկավար պաշտոններում նշանակել է կանանց: ԱՄՆ պատմության մեջ սա նմանօրինակ եզակի դեպք է: Թիմը կգլխավորի Քիթ Բեդինգֆիլդը, որը ղեկավարում էր Բայդենի նախընտրական շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը: Սպիտակ տան մամուլի քարտուղար կդառնա Ջեն Փսակին, որը Պետքարտուղարությունը ներկայացնում էր Բարաք Օբամայի վարչակազմում: Փոխնախագահ Քամալա Հարիսի հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես կանայք կղեկավարեն:
Իսկ աշխարհի մի շարք երկրներ պատրաստվում են տոներին: Իտալիայում վառվել են Սուրբ ծննդյան լույսերը: