Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ քննարկումներից:
«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց, և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց՝ համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին հետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էին նաև Հանրապետության նախագահը և Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև, եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ և հետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ, քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ, եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:
Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: