Գերիների հարցով մենք դիմել ենք Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կոմիտեին, որը միակ մարմինն է, որն իրավունք ունի այցելել Ադրբեջանի բանտեր և պարզել, թե իրականում քանի հայ գերի կա այնտեղ, նաև կանխել նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը պատրաստվում է շքերթին հրապարակ դուրս բերել հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, նաև հայ գերիներին, Մարուքյանը նշեց, որ դա արգելված է Ժնևյան կոնվենցիաներով: Նա հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ դիմել են ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ԵԽԽՎ նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին դիմեն Ադրբեջանին, որ դա տեղի չունենա:
Մարուքյանն ասաց, որ այսօր դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քայլեր ձեռնարկելու ռազմագերիների փոխանակման հարցի շուրջ: «Մենք ունենք Քարվաճառից, Լաչինից դուրս գալու վերջնաժամկետ, բայց գերիների փոխանակման հարցով վերջնաժամկետ չունենք»,- ընդգծեց նա: