Նուռը՝ արցախցի Արսենի աճեցրածն է, վաճառողը՝ վերջին պատերազմում նրա մարտական ընկերը:
Մուշեղ Միդոյան (Սոցիալական նախաձեռնության անդամ)- Օր եղել եմ Արցախում, իմ հետ եղել է նռան տերը՝ Արսենը և իր մորքուրի տղան:
Քաջևան գյուղում կաթիլ-կաթիլ ջրվող օրինակելի այգուց բարեկամներն ու հարևաններն են բերքը հավաքել, տեղում կոպեկներով վերավաճառողներին չտալու համար Երևան ուղարկել, երբ կրակն արդեն դադարել էր: Արսենը դա չտեսավ: Հարազատ Մարտունու մատույցներում էր նրա կրակակետը...
Հերտանավոր եղբոր պատմությունն է ներկայացնում Արա Քամալյանը:
Արա Քամալյան (Արսենի բարեկամը)- Զինամթերքի արկղը դատարկելուց մեքենայի վրա խփում ա թշնամու անօդաչու շարքը, ու իրա հետի 5 հերոս տղաներ զոհվում են:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Այսօր նոր Արսենին Եռաբլուր են ճամփել:
Արա Քամալյան- Օր ա մենք տառապանքների մեջ սպասում էինք ԴՆԹ-ի պատասխանը լինի, որ հուղարկավորումը կատարենք:
Պահեստազորի սպան հենց վաղն Արցախ կմեկնի, տղան ծառայության է: Ավելի ուշ կգնա Արտաշատում ժամանակավոր ապաստանած Արսենի կինը՝ երկու անչափահաս երեխայի ու ամուսնու մոր հետ: Ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար պետք է այնպես անեն՝ մինչև վերադարձը բերքը վաճառած, գումարը փոխանցած լինեն՝ որոշել է «Հայ գյուղ»-ը և Սոցիալական ձեռներեցների դպրոցի նախաձեռնող խումբը: Սոցցանցում նրանց էջերն են գովազդում՝ արցախյան նուռ գնեք, օգնեք երկրի սահմանապահին, տան կերակրողին, այգի խնամողին կորցրած ընտանիքին: Երևան ՋԷԿ-ում, որտեղ աշխատում է, արձակուրդ է խնդրել, որ կարողանան վաճառել Արսենի բերքից փրկված մասը՝ ասում է Մուշեղը:
Մուշեղ Միդոյան- Ուշ հավաքելու պատճառով մեծ մասը՝ 100 տոննայից 90 տոննա վնասվել է, հնարավոր չի հավաքել: 8 տոննա բերել ենք, վաճառել ենք այս պահին 4.5 տոննա, մնացել է կեսը:
Կամավորների թիմին ոսկեվազցի Արթուրն էլ միրգը գնորդին հասցնելու՝ առաքելու հարցով է օգնում:
Արթուր Գյոզալյան (Կամավոր)- Ես կամավոր եմ օգնում, իմ տղեն էլ հենց հիմա ազատամարտիկ ա՝ ծառայում ա: Որ լսեցի սենց բան կա, իմ մեքենայով եկել եմ, օգնում եմ՝ մարդկանց ապրանքը չփչանա:
Որպեսզի գործն արագ առաջ գնա, օրվա պատվերները բաժանում են ըստ տարածքների, գրանցում ամեն մեքենայի հաճախորդների հասցեները:
Մինչև արկղերի հերթական խմբաքանակը կբեռնեին, զանգը նոր պատվեր ավելացրեց:
Արսենի աճեցրած քաղցր նուռը ժամ առ ժամ սպառվում է՝ եղբորը հիշեցնելով դեռ սեպտեմբերի 23-ի նրա տարօրինակ անհանգստությունը, թե՝ միրգը հասնում է, այդքանը հասցնելու՞ են քաղել:
Արա Քամալյան- Ինքը վախը հաղթահարած էր, մահը իրա համար ոչինչ էր: