«Ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ»․ նման հարցադրման պարզաբանմամբ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը գրել է, որ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանը՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:
«Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ՝ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք: Այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»,- գրել է վարչապետը:
Ըստ վարչապետի՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում՝ սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Ադրբեջանը ձևակերպեց իր պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, թե բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները և դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից հընթացս դարձան առաջնահերթության նման մի բան, որովհետև այլընտրանքը պատերազմն էր:
«2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես, բնականաբար, սա արձանագրել եմ: Եվ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր: Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է՝ կա՛մ պիտի հանձնենք 7 շրջանը՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի, կա՛մ՝ պատերազմ: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ո՛չ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց»,- գրել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ եթե ինքը պնդեր, որ պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում՝ առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Եվ այս նոր պահանջների կոնտեքստում՝ կրկին պատերազմի հավանականության մեծացում:
«Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է, չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին: Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի: Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանի հանձնում: Եթե Շուշիի կորստի ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանի հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու»,- գրել է վարչապետը:
«Ի՞նչ պետք է անենք» հարցադրմանը վարչապետն առաջարկում է ատամ ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարևոր խնդիրը գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի: Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Թշնամին տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումներ արդեն եղել են:
«Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ո՛չ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն ինչքան հնարավոր է՝ ձեռքերը շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի: Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարե՛նք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ՝ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու»,- գրել է վարչապետը:
Վարչապետը ամփոփում է՝ ով, ինչում է մեղավոր և ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար՝ միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու ուղղությամբ: