Կասկադյան բազմաթիվ սրճարանների կողքին՝ Իսահակյան փողոոցում, արդեն մեկ ամիս է՝ արցախյան շունչ է տիրում: Մթնոլորտը, համը, հոտը, հյուրընկալությունը․․․ ամենը իմ ծննդավայր հայրենիքինն է: Ինչպես մեր կողմերում կանայք են ասում՝ ժենգյալով հացի կծուն, թթուն էլ տեղն է: Տիկին Նադյան արդեն մեկ ամիս է ժենգյալով հաց է թխում վաճառքի համար ու վստահեցնում՝ Շուշիի՝ իրենց տան թխածներին սրանք չեն զիջում:
Նադյա Բաբայան- Ով որ մի անգամ մեր մոտից կերել ա, հաստատ 2-րդ, 4-րդ անգամ․․․ մարդ կա՝ ամեն օր նույն ժամին գալիս ա, կանգնում ա, թխում ա, թաք-թաք վերցնում ա»:
Ժենգյալով հացը թխում ու Շուշիի՝ իրենց տան մասին է պատմում տիկին Նադյան․ պատերազմը սկսելուն պես լքեցին տունը, ամենավատ երազում անգամ երբեք չեն մտածել, որ հետդարձի ճանապարհ չի լինելու:
Նադյա Բաբայան- Ամեն ինչ ունեինք, տղաս, հարսս էին աշխատում։ Հիմա ամսի 27-ից 40 օրական երեխան վերցրած ոտաբոբիկ վերկացանք, էկանք ստեղ:
Արցախ վերադառնալու օրը իրենց հայտնի չէ․ 3 ամսական փոքրիկը ձեռքին ճանապարհ ընկնել հիմա չեն կարող: Հիշողությունները, հուզմունքը տիկին Նադյան այս օրերին գործով է խեղդում:
Նադյա Բաբայան- Ինչքան Ղարաբաղում կանաչու տեսակ կա, իրանք առնում, բերում են, մենք էլ մաքրում ենք, կտրտում ենք խոհանոցում, բերում, թխում ենք:
2 տասնյակից ավելի կանայք են այս տաղավարում հերթափոխով աշխատում, նրանց մեկտեղել է մեկ ամիս առաջ բացված «Ապագան հիմա է» հասարակական կազմակերպությունը:
Տղաները, պատերազմը սկսելուն պես, ինչով կարողացել փորձել են Երևան եկած արցախցիներին օգնել։ Մեկ ամիս առաջ էլ փորձեցին նրանց համար զբաղվածության հարցը լուծել: Հասարակական կազմակերպության նախագահը ասում է՝ վաճառքից գոյացած փողով կանանց աշխատավարձ են տալիս, ավելացածն էլ՝ հիմնադրամին փոխանցում:
Ստեփան Ավագյան («Ապագան հիմա է» ՀԿ նախագահ)- Տարբեր ապրանքների վրա են աշխատում ՝ դա ժենգյալով հացն է, թթուն է՝ Արցախի թթու դրածը, դա փախլավան է, գաթան, ինչպես նաև օրեր առաջ նուռ բերեցինք Արցախից:
Արցախյան նուռն էլ հարստացնում է 12 կանաչից պատրաստված վիտամիններով հացը: Տիկին Ջուլիետան ևս մեկ անգամ հիշեցնում է բաղադրատոմսը, որը իրենց հացը ամենահամեղն է դարձնում:
Ջուլիետա Բաղրյան- Կրմնձուկն ա, ճրճռոկն ա։ Սրա մեջին ճրճռոկ, սամիթն ա, պետրուշկան, կինձը, մեր բառավը բազուկը, թրթնջուկն ա, սոխը։ Վե՞րն ա, վեր ամենահամավն ա դարձնում․․․ ղարաբաղի կրմնձուկն ա:
Անցնող-դարձողների համար թեյ, սուրճ, փախլավա, գաթա հյուրասիրելու մասին էլ ցուցանակն է պատմում:
Մինչև կգնան, դեռ հասցնում են օրը 200-500 ժենգյալով հաց թխել: Հաճախորդների վերաբերմունքից միայն շոյվում ու ոգևորվում են:
Ջուլիետա Բաղրյան- Մենք ստեղ հալա վատ մարդու հանդիպալ չընք, բոլորն էլ լավ են մեր հանդեպ։ Մունք շատ գոհ ընք ուրանց անա:
Արցախցի կանանց միակ խնդրանքն է՝ մեծ ու փոքր խանութների լավաշները արցախյան ժենգյալով հացի հետ հանկարծ չշփոթել:
Այ այսպես, Իսահակյան 44 հասցեում, յուրաքանչյուր օր առավոտյան քանիսի՞ց եք։
-10-10-ը կարող եք գալ և ձեռք բերել Արցախի ամենահամեղ ուտեստը՝ ժենգյալով հացը: