Հավաքի պահանջն անփոփոխ է՝ ստիպել Ադրբեջանին վերադարձնել գերեվարված տղաներին ու զոհվածների դիերը:
Մտավորականները, գիտնականները, արվեստագետներն ու քաղաքացիների մի խումբ այսօր էլ խաղաղ երթ իրականացրեց: Եվս մեկ անգամ խնդրում են իրենց հավաքները չքաղաքականացնել:
Հրանտ Թոխատյան (դերասան) - Մենք օրակարգում ունենք ընդամենը մեկ հարց՝ կարողանանք օգնել մեր տղաներին՝ նրանց, ովքեր այսօր գերության մեջ են, թշնամու տարածքում են, և փորձ կատարենք ամեն կերպ վերադարձնել դիերը հարազատներին: Որևէ պահանջ, որևէ քաղաքական խնդիր այստեղ չկա:
Շատերն են հետաքրքրվում, թե ինչ են տալու նամակները՝ ասում է Հրանտ Թոխատյանը և վստահեցնում, եթե դրանք միլիոնավոր լինեն և պարբերաբար ուղարկվեն, օգուտ կբերեն: Այսօրվա երթը սկսվեց Ազատության հրապարակից, ուղղությունը՝ Ռուսաստանի դեսպանատուն: Ձայնն էլ լսելի դարձնելու համար նամակ են պատրաստել:
Մհեր Մկրտչյան (ռեժիսոր) - Պարո՛ն Կոպիրկին, այս տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն պետք է իրականացվի գերիների, նաև դիերի փոխանակում: Ցավոք, հայտարարության մեջ նշված չեն ժամկետներ: Երկու շաբաթից ավելի է անցնել, իսկ ռազմագերիների փոխանակում այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ ադրբեջանական կողմը մշտապես խոչընդոտ է ստեղծում: Դիերի փոխանակումն էլ շատ դանդաղ է տեղի ունենում: Միաժամանակ սոցցանցերում տեսանյութեր են հայտնվում, որտեղ ադրբեջանցի զինվորները տանջում ու նվաստացնում են հայ զինվորներին ու քաղաքացիական գերիներին:
Գործընթացի դանդաղությունն ավելացնում է մեր ազգի ներկայացուցիչների տանջանքներն ու տառապանքները, ուստի արվեստի ներկայացուցիչները խնդրում են Ռուսաստանի դեսպանին գործուն քայլերի գնալ, ինչը կարագացնի հայ գերիների վերադարձը: Զոհվածների նկարները բարձր պահելով՝ երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով:
Կիրակի է, դեսպանատունը փակ է, բայց նամակը փոստարկղում է, ներկաներն էլ հուսով են, որ այն կհասնի հասցեատիրոջը:
Հրանտ Թոխատյան - Ես կարծում եմ, որ պետք է շարունակել գնալ մյուս դեսպանատներ, մանավանդ Մինսկի խմբի համանախագահողների: Այսօր ՌԴ-ն էր, կգնանք նաև Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատներ: Կարծում եմ, որ բոլորս կանցնենք նաև այն միջազգային կառույցների մոտով, որոնք այսօր կոչված են զբաղվել այս հարցով:
Արմեն Ճուղուրյան (ՀՊՏՀ պրոֆեսոր) - Նպատակը մեկն է, որ մտավորականները դառնան բռունցք և իրենց միտքը, ցանկությունները և իրենց պահանջները ներկայացնեն գերիների փոխանակման առումով: Թիվ մեկ խնդիրը գերիների ցանկը հաստատելն է, երկրորդ խնդիրը՝ րոպե առաջ նրանց վերադարձնել հայրենիք: Այս տարբերակը ես համարում եմ օժանդակ միջոցառում, որը կակտիվացնի փոխանակման գործընթացը:
Գերիների վերադարձն ապահովող գործընթացը կիսատ է մնացել՝ կարծում է երգիչ Արսեն Գրիգորյանը, ամբողջական կլինի, երբ վերադառնան մեր տղաները, ու հանձնեն զոհված հերոսների դիերը: Երգիչը գտնում է նաև, որ հայկական կողմն էլ պայմաններ պետք է դներ:
Արսեն Գրիգորյան (երգիչ) - Այն տարածքները, որտեղ ընդհանրապես թուրքը ոտք չէր դրել, միգուցե մենք պահեինք, Քարվաճառը՝ օրինակ, մեր գերիներին վերադարձնեինք, նոր այդ գործով զբաղվեինք: Մենք քաղաքական որևէ բան չունենք, սա մարդկային ա, մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՜ են ենթարկվում: Մենք ուզում ենք օր առաջ հետ բերենք նրանց:
Երթերը շարունակվելու են, քանի դեռ հստակ արդյունքներ չկան: