Ֆրանսիայի կառավարության վարձակալած օդանավով հայ համայնքի հավաքած մարդասիրական 35 տոննայից ավելի օգնությունը հասել է Հայաստան: Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լեմուանը «Ազնավուր» հիմնադրամի ու Հայաստանի լավ բարեկամներ Ստեֆան Հասբանյանի, Յուրի և Դենիս Ջորկաեֆների հետ այցելել է բժշկական կենտրոններ, տեսակցել նաև վիրավոր զինվորներին և հանձնել մարդասիրական աջակցությունը:
Կյանք վերադարձնող վերակենդանացման բաժանմունքն է, տղաները դեռ չեն կարող տեսածի մասին պատմել, բայց նրանց նման 35 օր կյանք ու կռվի պայքար մղած ֆրանսահայ բժիշկ Աբգարյանը համավարակի կոմայից հետո վստահ որոշեց՝ տղաների կողքից հեռու չի գնա: 90-ակակններին էլ՝ արցախյան պատերազմին առաջիններից էր, որ սպիտակ խալաթով զինվորը մեկնեց Արցախ, այսօր էլ օգնում է բուժել պատերազմի վերքերը:
Գևորգ Աբգարյան (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)- Պետք է հոգեպես շատ ուժեղ լինել: Մրջյունների պես աշխատեցին ռեանիմացիայի՝ իմ անեսթեզիոլոգ ընկերները, սա պետք է գնահատել:
Մի քիչ նեղված է՝ իրեն այս անգամ չտարան Արցախ, խնայեցին: Ֆրանսահայ բժիշկների միության նախագահն իր կյանքը միայն Հայաստանում է պատկերացնում:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության մասին միայն աշխարհին հայտնի անեսթեզիոլոգ Աբգարյանը չի պատմում։
Պատերազմից հետո կյանքեր փրկող այս արկղերում բժշկական պարագաներ են: Ֆրանսիայի արտգործանախարարության ներկայացուցիչն «Էրեբունի» բժշկական կենտրոնին է հանձնում 35 տոննայի մի մասը: Այս արկղերի պարունակությունը վիրավորների ցավերը թեթևացնելու, բուժելու համար է: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն էլ միտք ունի, որ օգնության այս շղթան լինի տևական: Մեր սրտերը բաբախում են ձեզ հետ միասին՝ վստահեցնում է մսյո Լեմուանը: «Ազնավուր» հիմնադրամի՝ մեր երկրի բարեկամներ ավագ և կրտսեր Ջորկաեֆների հետ շրջում են հիվանդանոցում, տեսակցում տղաներին:
Ֆրանսիական տարբեր ընկերությունների և հատկապես հայկական սփյուռքի շնորհիվ այստեղ հասած օգնության մասին արդեն լրագրողների հետ հանդիպմանն է մանրամասնում Շառլ Ազնավուրի հիմնադրամի տնօրենը:
Քրիստինա Ազնավուր («Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն)- Տարբեր ասոցիացիաների ու կազմակերպությունների հետ կարողացել ենք 35 տոննա մարդասիրական օգնություն հավաքել, բայց ոչ թե քաշն է կարևոր, այլ ծավալը՝ բեռները 320 մետր խորանարդ են կազմում: Մոտ 10 հազար հոգի է մեզ օգնել։ Այդ ամբողջ ընթացքում նաև կարողացել ենք սնունդ, հիգիենիկ պարագաներ հավաքել, տրամադրել մոտ 2000 ընտանիքի: Մեր հիմնադրամը վերածվել էր մեծ պահեստի, որտեղ օգնությունը հավաքում էինք հետո բաժանելու համար: Բայց բոլորիդ ուզում եմ վստահեցնել, որ մենք Հայաստանում չէինք, բայց 44 օրվա ձեր ցավը զգացել ենք, այդ վիշտը յուրաքանչյուրինս է:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը դժգոհ է եռակողմ հայտարարության արդյունքից: Իրենք էլ հայտարարել էին, որ չեն ընդունում Արցախի անկախության միակողմանի ճանաչումը․
Ժան-Բատիստ Լըմուան (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության զբոսաշրջության հարցերով պետքարտուղար)- Ֆրանսիան ի սկզբանե ակտիվ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հրադադարի հաստատման համար, Մինսկի խմբի համանախագահները միասին գործել են, որ կարողանանք 3 հրադադարի հասնել․ դրանք բոլորը խախտվել են: Ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրապարակվեց՝ հրադադարով: Այս 9 կետից բաղկացած հայտարարությունում շատ կետեր ներառված չեն, օրինակ՝ սիրիացի վարձկանների դուրսբերումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը: Երկարատև խաղաղության ու կայունության հասնելու համար, կարծում եմ, պետք է վերադառնալ բանակացությունների՝ ներգրավելով Մինսկի խմբի բոլոր կողմերին:
Այլ մանրամասների ժամանակ չկա՝ հաջորդ կանգառն Այրվածքաբանության ազգային կենտրոնն է: Մարդասիրական բժշկական արկղերի հաջորդ պարունակությունը հանձնում են Այրվածքաբանականի տնօրեն Գևորգ Սիմոնյանին: Հայտնում՝ սա պարզապես մի մասն է, մնացածը հետո բժիշկներն անձամբ կտեղափոխեն հիվանդանոց:
Էրիկ Շեվալյե (Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն)- Այս օգնությունը կարող է 500 վիրավորի համար բուժման հնարավորություն դառնալ: Հայաստան է հասել մեր նախարարության վարձակալած առաջին ինքնաթիռով: Նմանատիպ 110 արկղ կա՝ բժշկական պարագաներով, մի մասը «Էրեբունի» հիվանդանոցին ենք տրամադրել, մյուսը՝ ձեզ: Ֆրանսիացի վիրաբույժների խմբերի այցին հաջորդեց մարդասիրական այս օգնությունը, որը կլինի հաջորդական: Մարսելի, Լիոնի և այլ հիվանդանոցների ու Երևանի հետ գործակցությունը կշարունակվի:
Հիվանդասենյակներում արդեն տղաների այրվածքների պատմություններն են՝ բռնկված պատերազմից: Տպավորությունները ծանր են՝ նույնիսկ կիսաբաց դռներից այս կողմ:
Ժան-Բատիստ Լըմուան- Շատերը նույնիսկ ՄԱԿ-ի կողմից արգելված զենքերով էին վիրավորվել: Մենք երկու ուղերձ պետք է հստակ տեղ հասցնենք՝ պայքարել արգելված զենքերի դեմ և տղաներին հոգեպես ոտքի կանգնեցնել է պետք: Կարծում եմ՝ Յուրի Ջորկաեֆի ներկայությունն էլ բավականին ոգևորեց նրանց:
Յուրի Ջորկաեֆ (Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն)- Շատ դժվար էր տեսնել տղաների վերքերը, բայց, կարծում եմ, շատ կարևոր է այստեղ լինել, ասել նրանց, թե ինչքան կարևոր են նրանք, ինչ կարևոր գործ են արել: Զինվորները պատմում էին, որ կռվել են իրենց հայրենիքի և ընտանիքիների համար:
28-ամյա ավագ սերժանտ Աշոտն է, ֆրանսիացի հյուրերի այցին ընկերներից ամենաշատն ինքը սիրտ ունի նորից անցածը հիշելու: Հադրութից է: Մեխակավանից մինչև Վարանդա կռվել են: Հրաշքով է կողմնորոշվել, փրկվել, փրկել ընկերներին:
Աշոտ Հասանյան (Ավագ սերժանտ)- Ֆիզուլիից դուրս գալուց մեր մեքենան չգիտեմ՝ ինչով պայթեցրին, մեքենայի մեջ վառվում էի, տեսել եմ, որ կարող եմ մի բան անել, 3 հոգով էինք, փառք Աստծո, կենդանի մնացինք:
Դեռ մոր օգնությամբ է շարժվում, վերքերը կբուժվեն՝ վստահ է: Հետո իր և մյուսների պատմությունները ֆրանսիացի բարեկամներն իրենց հետ տանելու են, բժշկական օգնության նոր չափաբաժնով հետ գան: