Արցախի տարածքում խորհրդային տարիներին կառուցվել է 24 ջրամբար: Դրանց մեծ մասը Քարվաճառի ջրհավաք ավազանից սնվող գետերի վրա են և մատակարարում են ոռոգման ու էներգետիկ նշանակության ջուր: Խոշորագույն ջրամբարը Արցախի հյուսիսում՝ Թարթառ գետի վրա 1976-ին շահագործման հանձնված Սարսանգն է, կուտակում է մոտ 600 մլն խորանարդ մետր ջուր:
Հոկտեմբերին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ Մատաղիսի ջրամբարին, որը 5 մլն խորանարդ մետր ջրատարողություն ունի, հետևաբար չի կարող բավարարել Ադրբեջանի ջրային մեծ պահանջարկը: Թշնամու թիրախում շարունակում է մնալ Սարսանգը: Այս ջրամբարը միակն է, որ կառուցվել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Մյուս 23 ջրամբարները խորհրդային տարիներին կառուցվել են հիմնականում Վարանդա-Ֆիզուլիում և Ակնա-Աղդամում: Պատերազմի հետևանքով դրանք անցել են Ադրբեջանի հսկողության տակ, սակայն բոլորը միասին՝ պակաս ջուր են կուտակում, քան Սարսանգի ջրամբարը:
Վերջին տարիներին Ադրբեջանը զրկվել է Արաքս և Կուր գետերով հասնող ջրի ավելի քան 60%-ից, ինչն այդ երկրին կանգնեցրել է բնապահպանական և գյուղատնտեսական ճգնաժամի առաջ: Սարսանգի ջրամբարից դուրս եկող ջուրը թեպետ հասնում է Ադրբեջան, բայց այդ երկրի նկատմամբ ճնշման լծակ է հայկական կողմի համար: Պատերազմը այդ առումով շատ բան փոխեց:
Սարսանգի ջրամբարը ամբողջությամբ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ է, բայց Ադրբեջանը պահանջում է Քարվաճառի հետ իրեն հանձնել նաև Ակնաբերդ գյուղը, որը ջրամբարի հարակից բարձունքում է:
Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը՝ տիրանալով Ակնաբերդին: Դավիթ Բաբայանը մատնանշում է այն հետևանքները, որ կարող են առաջ գալ նախ Սարսանգի ջրամբարի շահագործման առումով:
Սարսանգի ջրամբարի և Ակնաբերդի մոտակայքում են տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի որոշ հատվածներ: Ակնաբերդը թշնամու հսկողության տակ անցնելու դեպքում վտանգի տակ է դնելու Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապող արդեն միակ մայրուղին, իսկ Սարսանգի ջրամբարը դառնալու է համատեղ օգտագործվող: Մինչդեռ Արցախի էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 60%-ը ապահովում է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրաէլեկտրակայանը:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան