Պատանի ըմբիշների համար մրցումային տարին գրեթե զուրկ էր խոշոր մրցաշարերից։ Համավարակն ու պատերազմն իրենց խորը հետքը թողեցին նաև մարզումային պրոցեսի վրա։ Ապագա պրոֆեսիոնալ ըմբիշների՝ մրցումային որակները չկորցնելու նպատակով, շատ կարճ ժամանակահատվածում, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան որոշում կայացրեց անցկացնելու Մարշալ Բաղրամյանի անվան հուշամրցաշարը։ Տևական դադարից հետո այն, նման մասշտաբների ու մասնակիցների թվաքանակով, առաջինն է։
Ազատ ոճայինների հավաքականի գլխավոր մարզչի համար այս հուշամրցաշարը նաև հավաքականի կազմը ձևավորելու հնարավորություն է։ Իհարկե, մարզիչը գիտի ու տեսնում է, թե որքան ժամանակ ու որակներ են կորցրել հնարավոր բոլոր թեկնածուները, սակայն, այդուհանդերձ, վստահ է, որ լուրջ փոփոխություններ հավաքականում չեն լինի։ Վստահ առավելությամբ հաղթանակ տարածներից բոլորի հաջողություններն էլ սպասելի էին։
Ըմբշամարտի աշխարհը շարունակում է այս ընթացքում մնալ անորոշությունների մեջ։ Խոշոր մրցումների ժամկետները նույնպես հաճախ փոփոխվում են կամ մնում վերջնականապես չհաստատված։ Այս փուլում մնում է հույս դնել միայն սեփական օրացույցի վրա։ Պատանի ազատ ոճայինների համար գալիք կարևոր հավաքներից առաջինը նախատեսված է Ծաղկաձորում, ապա պատրաստվելու են Հայաստանի առաջնությանը, որը պետք է նախորդի դեռևս չհստակեցված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։