Ցույցը քաղաքական չէ, հավաքվել են արվեստի ներկայացուցիչներն ու մտավորականները՝ հստակ պահանջով: Այժմ միասնական լինելու ու հստակ գործողությունների անցնելու ժամանակն է՝ ներկայացնում են արվեստի ներկայացուցիչները, հավաքի նպատակը՝ գերի ընկած և անհետ կորած զինվորների, հակառակորդի հսկողության տակ մնացած զինվորների դիերի վերադարձը:
Արմեն Գրիգորյան (պրոդյուսեր) - Մենք դիմում ենք, բոլոր հայերին, որոնք ապրում են բոլոր երկրներում: Երկուշաբթիից դիմեք ձեր երկրներին խնդրանքով, դիմեք ձեր կառավարություններին, դիմեք Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, դիմեք խնդրանքով՝ ստիպել Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին: Երկուշաբթիից նրանց էլփոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից:
Եթե մեկ նամակը դառնա 10 միլիոն, ապա արդյունք կլինի: Պետք է դիմել բոլոր հնարավոր ատյաններ, գերության մեջ մնացած տղաներին փրկելու համար կարևոր է ամեն րոպեն, հետո ուշ է լինելու՝ ասում է դերասան Հրանտ Թոխատյանը:
Հրանտ Թոխատյան (դերասան) - Այո՛, ի սկզբանե սխալն արված ա, պայմանագրի մեջ ժամկետներ նշված չեն՝ ե՛րբ կվերադարձվեն գերիները, և ե՛րբ կստանանք դիերը, այո՛, այդ ամոթալի սխալն արված ա, այսօր պետք ա դա ուղղել: Ընդհուպ մինչև պայման դնելը՝ կդադարեցվի տարածքներ տալու գործընթացը, մինչև տղաները կվերադառնան տուն: Սա պետք ա, որ մեր պարզ ճակատը պահենք աշխարհում: 1 սմ հող չենք տա, մինչև մեր տղաները չեն վերադարձել տուն, ստորագրվա՞ծ ա, հետո կկատարենք, հետո կմտածենք՝ ի՛նչ կլինի, բայց պարտավոր ենք, բայց էդ պայմանով:
Մհեր Մկրտչյան (ռեժիսոր) - Խնդրում եմ մի բան՝ եկեք վերջապես ոչ թե կենացներով, ոչ թե լցված աչքերով, եկեք վերջապես ապացուցենք, որ մենք ազգ ենք, ամոթ ա:
Չի կարելի քանդել տունը, դա պահպանելու ու ավելի գեղեցիկ դարձնելու փոխարեն՝ համեմատություն է անում դերասան Դավիթ Հակոբյանը: Սխալները գալիս են դեռ 1918-ից՝ ասում է դերասանը, երբ իմաստուն չեղանք ու կորցրինք 64 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի կեսից ավելին: Դերասանի խոսքով՝ իմաստուն չգտնվեցինք նաև հիմա:
Դավիթ Հակոբյան (դերասան) - Մենք իմաստնություն չունեցանք ուրեմն, բայց փաստ էր, որ մենք ուժ ունեցանք: 15 օրից ավելի ոչ մի մետր առաջ չի եկել թուրքը, ուրեմն մենք ուժեղ էինք, չէ՞, բայց այդ ուժը խնայել էր պետք, որովհետև այդ ուժը միայն ոգին չէր, էդ ուժը սնել էր պետք, տիրություն էր պետք անել, ոչ թե հույսներս դնեինք 18 տարեկանի քաջության վրա, քաջաբար զոհվելու վրա, չի՛ կարելի, մենք ավելորդ գլուխներ չունեինք ջարդելու, իմաստնություն չունեցանք: Պարտվել է քաղաքական, ռազմաքաղաքական էլիտան:
Հավաքի ավարտին որոշեցին՝ քայլերթ իրականացնել անհետ կորածների, զոհվածների նկարներով: Ու քայլել ոչ մեկ օր, շրջել բոլոր դեսպանատների մոտով, Հայաստանում էլ այսպես լսելի դարձնել մտավորականների, դերասանների, զինվորների կյանքով մտահոգ քաղաքացիների ձայնը: Չեն մոռանում նաև շնորհակալություն հայտնել բոլոր մարտիկներին՝ զոհված, գերեվարված, տուն վերադարձած:
Դերասանները երբ հրաժեշտ են տալիս իրենց կոլեգաներին, անում են դա բարձր ծափահարություններով՝ ասում է Հրանտ Թոխատյանը: Ծափահարում են որքան հնարավոր է բարձր, որ լսելի լինի նրանց:
Առաջարկում է նաև բարձր ծափահարություններով հրաժեշտ տալ նաև զոհված զինվորներին: