Միջուկային ոլորտի իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեհի սպանությունից հետո ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ին ուղղված նամակում նշվում է իրանցի ֆիզիկոսի սպանության գործում Իսրայելի լուրջ պատասխանատվության մասին: Փաստաթղթում շեշտվում է նաև Իրանի՝ ինքնապաշտպանության իրավունքի մասին:
«Նահատակ Ֆախրիզադեհի վախկոտ սպանությունը, որում Իսրայելի պատասխանատվության լրջագույն նշաններ կան, մեր տարածաշրջանում քաոս առաջացնելու, ինչպես նաև Իրանի գիտատեխնոլոգիական զարգացումը խոչընդոտելու ևս մեկ հուսահատ փորձ է»,- նշվում է նամակում:
Իրանը զգուշացրել է, որ նման արկածախնդիր գործողությունների դեպքում, հատկապես ԱՄՆ հեռացող վարչակազմի ղեկավարման ժամանակահատվածում, Իսլամական Հանրապետությունն իրավունքն է վերապահում բոլոր միջոցները ձեռնարկել իր ժողովրդին և շահերը պաշտպանելու համար: