Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ երեկ Ֆրանսիայից Հայաստան բեռնատար չվերթով բերված մարդասիրական օգնությանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ:
Ժան-Բատիստ Լըմուանը հայտնեց, որ այդ գործողության շուրջ մոբիլիզացվել են Ֆրանսիայի կառավարությունը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև ԱԳ նախարարության ճգնաժամային կենտրոնն իր շուրջը մոբիլիզացրել է տարբեր ասոցիացիաներ, հիմնադրամներ։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը «Ազնավուր» հիմնադրամն է։
Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն ընդգծեց, որ Հայաստանում գտնվող Յուրի Ջորկայեֆը խորհրդանշում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը:
«Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, Հայաստանը ցնցած երկրաշարժը, երբ իր ձայնը բարձրացրեց Շառլ Ազնավուրը «Քեզ համար, Հայաստան» երգի միջոցով»,- ասաց Ժան-Բատիստ Լըմուանը՝ հիշեցնելով երգի «Ձմռանից հետո, դժոխքից հետո կվերընձյուղվի կենաց ծառը քո» տողը։