Արցախում ծառայող ժամկետային զինվորները առողջական, ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեն՝ համոզված են նրանց ծնողները: Նորից կառավարության դիմաց են՝ պահանջում են հանդիպում, թեպետ երեկ նրանց ընդունել է Նիկոլ Փաշինյանը, բայց պատասխանը չի գոհացրել:
Լուսինե Հարոյան - Երեխաները 45 օր դժոխքի միջով անցնելուց հետո շարունակում են ծանրագույն պայմաններում իրենց զինծառայությունը:
Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները պահանջում են, որ իրենց երեխաները ծառայությունը շարունակեն Հայաստանում:
Արա Ամիրյան - Չենք ասում՝ տանենք մեր տներում պահենք, պահանջում ենք գան, Հայաստանի տարածքում նորմալ, փակ ծածկի տակ ծառայեն:
Ծնողները պատրաստ են գնալ, փոխարինել ժամկետային զինվորներին, միայն թե տղաները Հայաստան գան, ծառայեն ցանկացած հատվածում: Նամակ էին ուղարկել կառավարություն, դեռ պատասխան չեն ստացել: Նամակի փոխարեն ծնողները երեք կետից բաղկացած պահանջագիր կազմեցին՝ դարձյալ վարչապետին հանձնելու համար:
Տեքստի մեջ հարցադրումներ են, մասնավորապես, պատրաստվո՞ւմ են արդյոք 10-օրյա ժամկետում ժամկետայիններին փոխարինել պայմանագրային կամ այլ հիմունքներով ծառայողներով: Ի՞նչ ժամկետներում են պատրաստվում ապահովել Արցախում գտնվող զինվորների սանիտարահիգիենիկ պայմանները:
Պահանջագիրը ստորագրելուց հետո այն հանձնեցին կառավարությանը՝ ակնկալելով արագ պատասխան: Ծնողները որոշեցին սպասել մեկ-երկու օր: Եթե արձագանք չլինի, իրենք կմեկնեն Արցախ: