Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սբ․ Թադեոս և Սբ․Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Այդ առիթով Հովհաննես Մկրտիչ և Սբ․Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց պատարագ։
Առաքելական եկեղեցու հիմնադիրների տոնը Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հռչակել է նաև սբ․ Գեղարդի ուխտի օր։ Պատարագի ընթացքում Մայր Աթոռի գանձարանից հանվեց ու մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ սբ․ Գեղարդը՝ նիզակի այն ծայրը, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցել էր Աստվածորդուն։
Եկեղեցական ավանդության համաձայն՝ գեղարդն 1-ին դարում հայոց աշխարհ են բերել Քրիստոսի 12 առաքյալներից Սբ․Թադեոսն և Սբ․Բարդուղիմեոսը։ Համաքրիստոնեական այս սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վայրերում, իսկ 13-րդ դարից՝ Այրիվանքում, որն ի պատիվ սբ․Գեղարդի վերանվանվել է Գեղարդավանք։ Սուրբ մասունքը Մայրավանք է բերվել 18-րդ դարի երկրորդ կեսին և մինչև այսօր պահվում է համայն հայության հոգևոր կենտրոնում։
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան (Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի վարիչ) - Սրբություն ստացավ, երբ մխրճվեց Քրիստոսի մարմնի մեջ. նրա կողից արյուն ու ջուր հոսեցին՝ ի նշան մկրտության:
Մինչև 2015 թվականը Գեղարդը Մայր Աթոռի գանձարանից դուրս է բերվել 7 տարին մեկ՝ մյուռոնի օրհնության նպատակով։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով արդեն 5-րդ տարին է՝ այն դուրս է բերվում ամեն տարի, որպեսզի բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունենա երկրպագել ու դիպչել մասունքին։ Հավատում են՝ դիպչելով մասունքին՝ ցավը կամոքվի, կներվեն մեղքերը, կփարատվեն կասկածները...
2020 թվականը բացառիկ տարի է՝ գեղարդը թանգարանից դուրս բերելու առումով։ Երկրորդ անգամ են այն պտտում բարեպաշտների շրջանում․ ամիսներ առաջ կորոնավիրուսը ստիպեց, որ գեղարդը դուրս բերեն նաև այդ ծանր օրերին, որ Տերունի սրբությունն իր հրաշագործ զորությամբ մեղմի համավարակի վնասը։
Հաղորդվելով սբ. Գեղարդի օրհնությանը՝ պատերազմից հետո հիասթափված ու կոտրված ժողովուրդը կշարունակի ապրել կարևոր այն խորհրդով, որ կյանքի հիմնական զորությունը ոչ թե չարչարանքն ու խաչելություն են, այլ հարությունն ու հաղթանակը:
Սրբազան մասունքին դիպչելու, դրա առջև երկրպագելու համար Մայր Աթոռ էին եկել ուխտավորներ տարբեր թեմերից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սբ․Գեղարդով օրհնեց Հայոց աշխարհն ու բոլոր նրանց, ովքեր հավատում են Տերունի սրբության հրաշագործ ուժին։ Գեղարդը մատուռ-մկրտարանում կմնա ամբողջ օրը, իսկ երեկոյան կվերադարձվի գանձարան։