Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկացել է, որ հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերվի։
«Վերջին ամիսներին ապրած շոկի արդյունքում մի շարք կարիքներ են առաջ եկել՝ առաջին հերթին վիրավորների, այնուհետև իրենց բնակավայրերից տեղահանվածների, ինչպես նաև տարբեր առաջնային կարիքներ ունեցող անձանց առումով։ Ցանկություն է հայտնել նախագահը, որ այս աջակցությունը տևական լինի»,- ասաց Լըմուանը։
Նա նշեց, որ Մակրոնը հանձնառություն է ստանձնել իրականացնել միջազգային առումներով տևական գործողություն, այդ թվում՝ նաև Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության շրջանակում։
«Վերջին ամիսների ընթացքում հանրապետության նախագահը բազմաթիվ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ և առիթ է ունեցել կրկին իր հանձնառությունն արտահայտելու, ինչպես նաև մյուս մասնակից անդամների հետ, այդ թվում՝ նախագահ Պուտինի և նախագահ Ալիևի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ միասին։ Այդ հանձնառությունը հիմնվում է տարբեր ասպեկտների վրա։ Մեկը, օրինակ՝ վերաբերում է մշակութային արժեքների ժառանգության պաշտպանությանը, որոնց մի մասը գտնվում է ադրբեջանական տարածքում։ Այդ գանձերի պաշտպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ»,- ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը։
Լըմուանը նաև նշեց, որ ուսումնասիրել են նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը և փաստել, որ այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, և դրանց պետք է անդրադառնալ:
Բանախոսի խոսքով՝ դա կարվի, հավանաբար, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Ժան-Բատիստ Լըմուանը հայտնեց, որ երեկ հանդիպել է ԱԳ նախարարի հետ, իսկ այսօր պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը։