Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:
Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։
Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար: