Նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լենա Նազարյանը, պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը և Անուշ Բեղլոյանը:
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների պատվիրակությունների, ԱՊՀ մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատից վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նիստի հիմնական թեմաներից է եղել COVID-19 համաճարակի հարցում ԱՊՀ անդամ երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումների օրենսդրական աջակցությունը: Վերանայվել են նաև ԵԱՏՄ տարածքում տնտեսական ինտեգրման հեռանկարները և դրանց նորմատիվ-իրավական ապահովման հարցերը, քննարկվել 2021 թվականին ԱՊՀ անդամ երկրներում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելության նախապատրաստմանը, ԱՊՀ ՄԽՎ-ի ներքո գիտության և կրթության ոլորտներում փորձագիտական խորհրդի ստեղծմանը վերաբերող խնդիրներ և այլն:
Նույն օրը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունները:
Օրենսդիրները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների մոդելային Աշխատանքային և Ընտրական օրենսգրքերը, ինչպես նաև մի շարք մոդելային օրենքների նախագծեր, որոնք մշակվել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների կողմից:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի կողմից ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը դիտորդների մասնակցության մասին» կանոնակարգը: