ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ընթացքում խոսել է այսօրվա և ապագայի խնդիրների ու նպատակների մասին:
«Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաև անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարևոր հարց է բոլորիս համար, և այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, և մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, և անպայմանորեն կգտնենք լուծումներ: Վարչապետը նաև նշեց, որ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը․ խնդիր, որի լուծումը, Փաշինյանի խոսքով, կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի կերպարը: