Վերջին օրերին որոնողական աշխատանքներ են կատարվում նաև հարավային թևում՝ Հադրութում, եղել են փոխանակված կամ գտնված մարմիններ: Այդ մասին առցանց քննարկմանն ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ դիակի ինքնությունը պարզվում է հետևյալ կերպ՝ այն փոխանցվում է դատաբժշկական մարմին, որտեղից նկարները փոխանցվում են անհետ կորածների հարազատներին: Եթե արդեն մարմնի քայքայման գործընթաց է իրականացել, և հնարավոր չէ դեմքից պարզել ինքնությունը, ԴՆԹ անալիզ է վերցվում մարմիններից և հարազատներից:
«Այս պահին ունենք մարմիններ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին: Հուսով եմ՝ այս գործընթացի արդյունքում անհետ կորածների թիվը կնվազի»,- ընդգծեց Պաշտպանը:
Անդրադառնալով հայկական կողմում գտնվող ռազմագերիների վիճակին՝ Բեգլարյանը նշեց, որ նրանց պահման պայմանների, ինչպես նաև վերաբերմունքի հետ կապված որևէ դժգոհություն չի եղել, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ հայկական կողմը կատարում է միջազգային պարտավորությունները: