Պատերազմից հետո կառավարության առաջին նիստն է: Օրակարգի հարցերից առաջ՝ նախ հարգանքի լուռ մեկ րոպե՝ բոլոր զոհվածների հիշատակին: Ապա վարչապետ Փաշինյանը, երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ տարվող աշխատանքներից խոսելիս, նախ ընդգծեց՝ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում:
Պաշտոնաթող նախարարներին՝ շնորհակալություն, իսկ նորերին հաջողություն մաղթելով՝ առաջիկա ծրագրերից է տեղեկացնում վարչապետը: Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզի օրինակով կլինի, իսկ գերիների փոխանակումը, զոհվածների ընտանիքների, պատերազմից տուժածների հրատապ օգնությունը կառավարության առաջնահերթ անելիքների ցանկում է: Նույնիսկ այս իրավիճակում պետք է բարեփոխումների օրակարգով առաջնորդվել:
Ընդունելության երեք քննության փոխարեն՝ երկու. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի առաջարկն էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով: Դեռ կքննարկեն:
Այս պահին միջպետական և տեղական նշանակության 550 կմ ճանապարհ ունենք կառուցած՝ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Կառավարությունը հաստատեց նաև միջոցներ հատկացնել համայնքային նշանակության ճանապարհների նորոգման համար: Ապա՝ ներդրումային նոր ծրագրի մասին՝ Կոմիտասի պողոտայում նոր կառուցապատման համար:
Ապա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է Հայաստանում համաճարակային իրավիճակը: Դրական դինամիկա կա՝ երեկվանից ծանր վիճակում քաղաքացի չունենք, որին հիվանդանոցում տեղավորել չկարողանանք: Եվ հաջորդ տարի արդեն մենք պատվաստանյութի ձեռքբերման պրոցեսից հետ չենք մնա՞․ հետաքրքրվում է Նիկոլ Փաշինյանը՝ Թորոսյանից: Աշխարհի հետ համընթաց կգնանք, երբ աշխարհում ԱՀԿ-ն պատվաստանյութը հաստատի, Հայաստանը՝ բնակչության 10 տոկոսի չափով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենա:
Եվ կառավարության նոր որոշմամբ՝ Կոտայքն ունի նոր մարզպետ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնում վստահության համար և ստանձնում Կոտայքի մարզպետի պաշտոնը: Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ 4 ամիս առաջ ազատվել էր աշխատանքից՝ նշանակվելով Շրջակա միջավայրի նախարար։