Ժողովուրդը հարցեր ունի, ժողովուրդը երբեմն դառնացած ու զայրացած է, երբեմն հիասթափված ու հուսալքված է, բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունն ու շնորհակալ եմ դրա համար՝ այսօր իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ և որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում Կառավարությունն ու ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:
Պատերազմի մեկնարկին և հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակով ու ձևերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգության համար»,- նշեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ պաշտոնական տեղեկատվությամբ ասվել է, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, Մարտունիի մերձակայքում, Շուշիի ու Քարինտակի մերձակայքում, ասվել է, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Ասվել է, որ Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր պետք է ձևավորվեն:
«Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ: Այո՝ ասվել է նաև մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչև Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եք այդ ողջ ծրագիրը:
Սոթքից մինչև Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը հետ են վերցվել, և մինչև պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: «Եղնիկների» հատվածում մինչև պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել:
6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչև վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչև վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչև վերջ պահել է առաջնագիծը և վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:
Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաև նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետև այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եվ այդ մինչև 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաև հայրենիքի պարտքն էր:
Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:
Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:
Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եվ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:
Բայց սա չէ ասելիքիս բուն իմաստը, ասելիքիս բուն իմաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով: Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել և փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին և նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչև վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը»,-նշեց Փաշինյանը: