Ըստ պայմանավորվածության` հայկական զինված ուժերն ու բնակչությունը նոյեմբերի 25-ին պետք է դուրս եկած լինեին Քարվաճառի շրջանից, որն իրականացվել է: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Սոթքում տեղի ունեցած դեպքերին:
«Զորքերի հետ կապված՝ տեղաշարժն իրականացվել է նախապես պլանավորված ժամանակացույցով: Գաղտնիք չէ, որ լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, նաև հայտարարություն հնչեց, որ այնտեղ ոչ ոք չի աշխատելու, ադրբեջանցիներն ասել են՝ մեկ ժամվա ընթացքում լքեք տարածքը: Այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի ստեղծվել»,- ասաց Խաչատրյանը:
Թյուրիմացությունը, ըստ նրա, կարող է կապված լինել հետևյալի հետ: Քարտեզներում պետական սահմանն անցնում է ոսկու հանքի գրեթե կենտրոնով: Ռուսական ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգության միջոցառումներ պաշտպանության համար: Ընկերության նախաձեռնությամբ՝ պաշտպանական նախաձեռնություններում մեր զինված ուժերը ներգրավվածություն չեն ունեցել: Ամբողջն իրականացրել է ռուսական ընկերությունը՝ իր նախաձեռնությամբ և ուժերով:
«Ադրբեջանական զորքերի՝ Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով արգելափակոցներին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այն ուժերը, որ իրականացնում են տարածքի պահպանություն, պետք է դուրս գան: Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, թե ում է պատկանում տարածքը, ռուսական կողմին զգուշացվել է նման իրադրության մասին»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը:
Խաչատրյանի խոսքով՝ ուղեփակոցը եղել է ընկերության տեղադրածը: Մոտակայքում տեղադրված է եղել նաև արագ կառուցվող կառույց՝ ծառայություն իրականացնող անձանց կարիքները բավարարելու համար:
«Դա ներկայացվել է որպես վարչական շենք: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են նախկինում գոյություն ունեցող մեր պետական սահմանի եզրագծով»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր: Չունենք նաև որևէ տեղ և դիրք, որ գտնվի սահմանից հետ: Ըստ զինվորականի՝ հրադադարի պայմանագրի համաձայն՝ մեր զորքերը և բնակչությունը նոյեմբերի 25-ին ժամը 00։00-ից պետք է տարածքը լքած լինեին:
«Դեմարկացիան սահմանների ճշգրտման գործընթացն է, իսկ մենք խոսում ենք նախկինում գոյություն ունեցող սահմանների մասին, ինչն այսօր վերցված է որպես չափորոշիչ: Վաղը կարող է որոշակի ճշգրտումների հարցեր առաջանան, դրանք լրացուցիչ փոփոխությունների ենթարկվեն: Ես այսօր կարող եմ ասել այն մասին, ինչ եղել է խորհրդային ժամանակի բաժանումով»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի՝ այդ տարածքում սահմանին բնակավայրեր չկան: «Մեր զինվորականները կանգնած են ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց Խաչատրյանը:
Տիրան Խաչատրյանի խոսքով՝ Սոթքի հանքը կիսով չափ ընկնում է մեր, կիսով չափ՝ Ադրբեջանին հանձնվող տարածքում: «Սահմանից արևմուտք ՀՀ տարածքն է, դեպի արևելք՝ Քարվաճառի տարածքը»,- տեղեկացրեց Խաչատրյանը: Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք հստակեցված է՝ ով է այսուհետև շահագործելու ամբողջ հանքը:
Ըստ նրա՝ այդ տարածքում խաղաղապահներ չեն եղել, իսկ կլինե՞ն, թե՞ ոչ, ինքը տեղյակ չէ, քանի որ որևէ փաստաթղթով դա հաստատագրված չէ: «Որ հայ-ադրբեջանական պետական սահմանում ծառայություն են իրականացնելու խաղաղապահները, այդպիսի բան չկա»,- ասաց գեներալը:
Նրա խոսքով՝ այսօր աշխատողներից որևէ մեկը սահմանը չի հատել: «Տեսանյութերը կարող են տարբեր եղանակով նկարահանված լինել, ինչպես հեռվից, այնպես էլ տեղում՝ բանակցությունները վարող մարդկանց կողմից»,- ասաց Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են նկարահանվել լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածվող տեսանյութերը:
Նա նաև ասաց, որ ադրբեջանական զինված ուժերը հանքի տարածքով անցնող եզրագծով արդեն տեղադրել են երեք դիրք: «Մեր կողմից դիրքերն արդեն տեղադրված են, հակառակորդը դեռ աշխատանքներ է իրականացնում»,- ասաց գեներալը:
«Այն տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ՝ ըստ սահմանի և վարչական բաժանման գծի, անհանգստանալու որևէ խնդիր չկա, և անվտանգությունն այդտեղ ապահովված է»,- եզրափակեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը: