Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին կոչ արեց չտրվել վախի և խուճապի, թույլ չտալ, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն:
«Մի՛ տրվեք անապագայության քարոզին: Այո, հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո, պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը և կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իր հանդիպումների ժամանակ, և ինքն այդ հանդիպումներին հստակ ասել է, որ իրենց հրավիրել է ամեն ինչ պատմելու համար, որովհետև այն, ինչ իրենց է պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաև չի ուզում ստացվի, թե թաքցնում են ճշմարտությունը:
«Այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եվ նրանք այսօր շատ վատ են զգում և զարմացած են, որ դա չի հաջողվում իրենց»,- ասաց վարչապետը: