Ամեն օր ադրբեջանական կողմը նորանոր նյութեր է հրապարակում ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ծաղրուծանակի ենթարկելու մասին: Այս համատեքստում ինչպե՞ս է պատրաստվում ռուսական խաղաղապահ առաքելությունը ապահովել նախկին ԼՂԻՄ տարածքում հայ ներքին տեղահանվածների խաղաղ և անվտանգ վերադարձը, որոնք վերջերս հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ՝ «Լուրեր»-ի հարցին ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցին պատասխանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - «Հենց դրա համար էլ այնտեղ են ռուս խաղապահները, և հենց դրա համար մենք աշխատում ենք ռազմա-դիվանագիտական ուղիներով, որպեսզի դա իրականացվի ամեն օր: Երբ Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս, ասեմ․ հենց ստեղծված մեխանիզմներով, ավելի մանրամասն նրանց գործունեության մասին կարելի է ասել ամեն օր»:
Իրավիճակը Ղարաբաղում շարունակում է կայունանալ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ սադրանքներ չեն արձանագրվել:
Մարիա Զախարովա - «Հաջողվում է առանց որևէ լուրջ միջադեպերի ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույցն են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընտրել են ճիշտ ճանապարհ»։
Հարցերի ողջ համալիրը, որոնք բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից, հայտնվել է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի նախագահն ու արտաքին գերատեսչության ղեկավարը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ քննարկել են ռուս խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանմանն ուղղված միջոցառումները: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Թուրքիայի նախագահի և Իրանի ԱԳ նախարարի հետ:
Մարիա Զախարովա - «Ռուս խաղաղապահները շարունակել են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծում են տարածքները, որոնում կորած զինծառայողների և զոհվածների մարմիններ են»: Ծավալվել է նաև հումանիտար արձագանքման կենտրոնը: Մշակվել է նրա աշխատանքին Հայաստանի և Ադրբեջանի պրոֆիլային գերատեսչությունների միացումը։ Տեղ են հասել հումանիտար բեռների առաջին խմբաքանակները:
Զախարովան կոչ արեց չքաղաքականացնել Ղարաբաղում հումանիտար իրադրությունը։
Մարիա Զախարովա - «Առաջարկում ենք բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնամուխ լինել այն աշխատանքին, որը պահանջվում է տարածաշրջանում բավական լարված հումանիտար իրադրության պայմաններում: Դա կարևոր ներդրում կլիներ մշակութային հուշարձանների և կրոնական արժեքների պահպանության, տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համերաշխության ապահովման գործում»։
Ռուսաստանի ԱԳՆ-ն մոբիլիզացրել է միջազգային աջակցությունը ԵԱՀԿ-ի և այլ երկրների շրջանակներում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձավ նաև Ղարաբաղում մշակութային հուշարձանների պահպանության հարցին:
Մարիա Զախարովա - «Մենք ողջունում ենք բոլոր հայտարարությունները և ակնկալում, որ այդ կազմակերպությունների փորձագիտական ներուժը լիովին գործի կդրվի հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նախապատրաստման և տարածաշրջան ուղարկելու ժամանակ»:
Զախարովան անդրադարձավ նաև «Լուրեր»-ի, այդ թվում՝ այլ լրատվամիջոցների հարցին առ այն, որ թուրքամետ ահաբեկիչները մինչև օրս չեն հեռացել տարածաշրջանից: Ահաբեկիչների դուրսբերման վերաբերյալ ինֆորմացիոն քննարկումներն անցկացնում է պաշտպանության նախարարությունը՝ նշեց նա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանն ակտիվ շփման մեջ է Թուրքիայի հետ:
Մարիա Զախարովա - «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գրոհայինների առկայության հարցով զբաղվում են համապատասխան, այդ թվում՝ ռազմական մասնագետները, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, սակայն այդ աշխատանքը չի ենթադրում հնչեղություն»:
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորքեր ու ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում, Թուրքիայի հետ սահմանը պաշտպանում է ռուսական կողմը։ Ի՞նչ հնարավոր սպառնալիքներ կարող են լինել, այդ թվում՝ ողջ տարածաշրջանի համար, «Լուրեր»-ի հարցին Զախարովան խոստացավ պատասխանել ճշտումներից հետո: