Փարիզ-Երևան արդեն երկրորդ հատուկ չվերթն է: Պատերազմից հետո վերքերը սպիացնելու համար Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ ֆրանսահայերի հավաքած ավելի քան 35 տոննա օգնությունը բեռնաթափվում է Երևանում:
Հայաստան ժամանող մեծ պատվիրակության հետ է նաև Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեմուանը: Իր երկրի արտաքին գերատեսչությունը պարզաբանել էր, որ Լեռնային Ղարաբաղն ինքնահռչակ հանրապետություն է և Ֆրանսիան չի ճանաչում անկախությունը: Թե ինչու է Լեմուանն առանձին հայտարարությամբ կրկին հիշեցրել սա, դիվանագիտական պատասխան ունի:
Ժան-Բատիստ Լեմուան (Ֆրանսիայի ԱԳՆ զբոսաշրջության հարցերով պետքարտուղար) - Ես այսօր կարևոր պատվիրակությամբ եմ Հայաստանում, քանի որ Ֆրանսիայի նախագահը նախևառաջ ուզում էր մեր համերաշխությունը հայտնել հայերին ու Հայաստանին, որ շատ դժվար օրեր են ապրում: Գիտեք, մտքումս հայտնվեցին 1988-ի կադրերը, երբ երկրաշարժի արհավիրքը տեղի ունեցավ Հայաստանում, ես դեռ պատանի էի այդ տարիներին, բայց հիշում եմ առատաձեռն ու բազմաշնորհ շանսոնյե Ազնավուրին, ինչպես համակարգեց ու ինչ ահռելի օգնություն հասցրեց Հայաստանին: Այսօր մենք փորձում ենք նույնն անել, նրա հիմնադրամի հետ, բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ ենք բերել մեզ հետ: «Ազնավուր» հիմնադրամին են միացել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնն ու հասարակական կազմակերպություններ: Հավաքագրել ենք սնունդ, հագուստ: Այժմ արագ և անհապաղ օգնություն հասցնելու ժամանակն է մարդկանց, որ զրկված են արդեն իրենց տներից, պատերազմի վիրավորներին: Վաղը նաև հանդիպում ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որ կարողանանք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներգրավվածությունն ու դերը:
1988-ից Հայաստանին օգնելու Շառլ Ազնավուրի առաքելությունը շարունակվում է նաև այսօր: Հիմնադրամը պատերազմի օրերին էլ սնունդ, հիգիենայի պարագաներ է ուղարկել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքներին:
Քրիստինա Ազնավուր («Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք «Ազնավուր» հիմնադրամի, այլ կազմակերպությունների, մեր լավ բարեկամների շնորհիվ կարողացանք հավաքել 35 տոննայից ավելի օգնությունը: Այս դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու համար չէինք կարողանա բեռնված ինքնաթիռը Հայաստան հասցնել, եթե չլիներ Ֆրանսիայի, մասնավորապես՝ նախագահ Մակրոնի, պարոն Լեմուանի, Ճգնաժամային կենտրոնի ղեկավար պարոն Շըվալյեի օգնությունը:
Հայ բարեկամներից այստեղ են նաև Յուրի և Դենիս Ջորկաեֆները: Նախորդ տարվանից հետո Հայաստան հասնելը նախ զգացմունքային էր ու դժվար՝ ասում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, կրտսեր Ջորկաեֆը:
Յուրի Ջորկաեֆ (Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն) - Գիտեք, շատ տարօրինակ զգացողություններ ունեմ հիմա: Այն ժամանակ, երբ Հայաստանում էի, դեռ պատերազմ չկար, հիմա ամեն ինչ փոխվել է, կյանքը փոխվել է՝ պատերազմ, հետո հրադադար, շատ ծանր տպավորություններ ունեմ, շատ մտահոգ եմ վիրավորների համար: Եվ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ուներ համակարգել Սփյուռքի աշխատանքները և կարողանալ ֆրանսիական պատվիրակության, «Ազնավուր» հիմնադրամի հետ ֆրանսահայերի օգնությունը հասցնել Հայաստան: Կարևոր է զգալ, որ բոլորս այս օրերին միասնական ենք ու կողք կողքի:
Մարդասիրական ուղեբեռի այս պարունակությունը կգնա «Էրեբունի» և Այրվածքաբանության բժշկական կենտրոններ վիրավոր զինվորների համար: Իսկ մինչև այդ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Լեմուանն ասում է՝ իրենց հետ բերել են նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի նոր ուղերձը:
Ժան-Բատիստ Լեմուան - Ձմեռվանից հետո, դժոխքից հետո կյանքի ծառը կվերընձյուղվի: Ձմեռը եկավ, դժոխքը շատերը կարողացան վերապրել, ուրեմն հաստատ կյանքն էլ կշարունակվի: