ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում՝ ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ ձեռնարկելու համար:
«Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր: Բացի այդ, գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ: Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերն ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,- գրված է հայտարարության մեջ: