Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ընթացքում, դիմելով հանրությանը, նշեց, որ այս օրերին շատ կարևոր է պահպանել մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը:
«Հպարտությունն ու արժանապատվությունը շատ ավելի հեշտ է պահպանել, երբ այն վտանգի տակ չէ, նրան ոչինչ չի սպառնում, բայց առավել կարևոր է այն պահպանել, երբ դրանք հայտնվել են բազմաթիվ հարվածների ներքո: Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ օրինակ երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին:
«Նման պահվածքը գուցե ունենա հազար ու մի բացատրություն, նման պահվածքի քննադատությունը ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք գուցե ալիքի մեջ ընկնելով ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի խորքից մենք պետք է դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը: Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել մեր երկրում: Նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի օգտագործմամբ՝ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովվելու համար»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը ընդգծեց՝ դա հնարավոր չէ, թույլ չեն տալու, ոչ թե որովհետև կառչած են իշխանությունից, այլ որովհետև դա չի ուզում ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին, ում հպարտությունը խոցված է, բայց ոչ մահացած: