ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվում նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ ռազմագերու կարգավիճակում գտնվող զինծառայողների, ինչպես նաև` քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների՝ սպանությունների, խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր դեպքերը:
Բոլոր այն անձինք, ովքեր համացանցում տարածված տեսագրություններում ճանաչել են իրենց հարազատներին և դեռևս նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն՝ (011)88-00-94 և (011)88-00-21 հեռախոսահամարներով: