Հանրակրթական դպրոցներում ուսումնական պարապմունքներն Արցախում կվերսկսվեն նոյեմբերի 30-ին: Ստեփանակերտում դրանք կկազմակերպվեն առայժմ երկու դպրոցում: Երեխաների հոսքով պայմանավորված՝ գործող դպրոցների թիվը կավելանա:
Ստեփանակերտի երկրորդ և ութերորդ դպրոցներն արդեն գործում են: Այստեղ հաճախում են Ստեփանակերտի և տեղահանված բնակավայրերի աշակերտները: Մանկավարժները վստահեցնում են՝ ոչինչ չեն խնայում, որ երեխաներն ինտեգրվեն կոլեկտիվին:
Մարիաննա Բաղունց (Դպրոցի կազմակերպիչ) - Սա մի մեծ ընտանիք է դարձել: Դպրոցը դարձել է իսկական կրթօջախ և պատրաստ է ոգևորել, ընդունել, աջակցել, ցանկացած հարցով կանգնել թե՛ որպես մանկավարժ, թե՛ որպես ընտանիքի անդամ, մեծ քույր, մայր, պատրաստ է կանգնել բոլոր այն աշակերտների կողքին, ովքեր վերադարձել են տուն, և տունդարձի ճանապարհը բերել է երկրորդ դպրոցը:
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը շարունակում է ընդունել աշակերտների և ուսուցիչների հայտերը: Գործընթացը չի վերաբերում պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող համայնքների բնակիչներին:
Միքայել Համբարձումյան (Արցախի ԿԳՄ նախարարի տեղակալ) - Շրջաններին հրահանգված է, եթե այսպես բնորոշենք, այնտեղ, որտեղ հավաքվել են երեխաներ և ուսուցիչներ, սկսեն գործընթացը: Օրինակ, այս պահի դրությամբ Հաթերքում արդեն գործընթացը սկսված է: Այսինքն, քան բավարար քանակի երեխաներ և ուսուցիչներ, ու գործընթացը սկսված է: Վաղը, մյուս օրը կսկսեն Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:
Շարքերը դասասենյակներում օրեցօր խտանում են, նկատում են ուսուցիչները: Անցածը վերհիշելուց հետո կշարունակեն ուսումնական ծրագիրը: Ավելի ուշ վերադարձածների հետ հավելյալ կպարապեն:
Բելլա Ֆարամազյան (Քիմիայի ուսուցիչ) - Պիտի նրանց հետ մնանք, նորից պարապենք բացթողածը իրենց: Հետո արդեն ծրագրային նյութերը միացնելով՝ գանք հասնեն ու բացթողածը լրացնենք: Եվ կհաջողվի երևի, ինձ թվում է: Ճիշտ է, ջանքեր կգործադրենք, շատ կաշխատենք: Կհաջողվի վերադառնալ բնականոն կյանքին:
Վերաբացվող դպրոցների տարածքն ուսումնասիրել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետները, որ ռազմական գործողություններից հետո պայթուցիկ նյութեր հանկարծ չլինեն: