ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ընթացքում «Լուրեր»-ի թղթակից Մերի Եգորյանը հարց էր հնչեցրել հայ գերիների հանդեպ ադրբեջանցի զինվորականների անմարդկային վերաբերմունքի մասին՝ «Ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածվում են տեսագրություններ և լուսանկարներ, որոնցում երևում է ադրբեջանի զինվորականների կողմից հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը: Այդ առումով ռուսական խաղաղապահ առաքելությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված՝ դեպի նախկին ԼՂԻՄ տարածքներ հայ տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի համար»:
«Հենց այդ նպատակով է խաղաղապահ զորախումբն այնտեղ տեղակայվել: Հարցնում եք՝ ինչպե՞ս: Հենց ստեղծված մեխանիզմների միջոցով: Գործողությունների մասին կարելի է ամեն օր մանրամասներ ներկայացնել: Այդ ամենն արվում է տեղում՝ փորձագետների մակարդակով: Այդ ամենով զբաղվում են: Դա ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Պետք է ընդգծեմ, որ այդ հարցերով զբաղվում են մեր զինվորականները, ինչպես նաև աշխատանք է տարվում դիվանագիտական խողովակներով: Ես արդեն խոսեցի մի քանի միջազգային հարթակների մասին՝ ներառյալ Կարմիր խաչը»:
«Լուրեր»-ի մյուս հարցը վերաբերում էր մամուլում ակտիվորեն քննարկվող այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Իգդիրի հատվածում, զորքեր ու ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում: «Լուրեր»-ի թղթակիցը հիշեցրել է, որ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանում է ռուսական կողմը։ «Ի՞նչ հնարավոր սպառնալիքներ կարող են լինել, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանի համար» հարցին ի պատասխան՝ Մարիա Զախարովան ասել է, որ տեղեկությունը կճշտի զինվորականներից և հնարավոր սեղմ ժամկետում կպատասխանի։