Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։
Նախարարները շնորհավորանքներ են փոխանակել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և նրա կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։