ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին. Բաբաջանյանն այն «պատմական» որակեց և նշեց, որ Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի Սենատն ընդունել է պատմական փաստաթուղթ՝ անկախ դրա հետագա ճակատագրից:
«Ընդունված տեքստից ակնհայտ է դառնում, որ ֆրանսիացիները պատրաստ են ճանաչել Արցախը սեպտեմբերի 26-ի սահմաններով՝ թուրք-ադրբեջանական զորքերի կոալիցիայից պահանջելով դուրս գալ զբաղեցրած տարածքներից: Երիցս սխալ են նրանք, ովքեր ընդունվածը դատարկ թուղթ են համարում, և նրանք, ովքեր ուրախությամբ կարծում են, որ Արցախն այլևս ճանաչված պետություն է:
Անվիճելի է սակայն, որ տեղի է ունեցել աննախադեպ մի բան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը, աշխարհի գերտերություններից մեկը՝ Հայաստանի իրական բարեկամ Ֆրանսիան, այս խնդրի վերջնական հանգուցալուծման համար կարևորագույն նախադեպ է ստեղծել:
Փաստաթուղթը, իհարկե, դեկլարատիվ է, և դրա ստորագրումը Ֆրանսիայի նախագահի կողմից առավելապես կախված է Ֆրանսիայի և Թուրքիայի հետագա հարաբերություններից: Բայց արձանագրենք, որ այս փաստաթուղթը առաջին ու միակ պաշտոնականն է, որը վերաբերում է 1994 թվականի Արցախի սահմաններին՝ որպես անկախ պետության, իսկ թուրք-ադրբեջանական կոալիցիայի միացյալ ուժերն անվանվում են ագրեսոր»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի՝ ագրեսոր ճանաչվելու դեպքում Հայաստանն առանց հապաղելու պետք է սկսի շարժվել արմատական բարեփոխումների, բանակի արդիականացման, տնտեսական և տեխնոլոգիական հզորությունների ստեղծման և զարգացման ճանապարհով:
«Առանց մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի և նրա հետ հետևողական աշխատանքի, առանց այս հարցում Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերի համադրման, հաջողության հասնել հնարավոր չէ: Սակայն ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցը դառնում է միջազգային հարաբերությունների և խոշոր խաղացողների համար կարևորագույն թնջուկ, ուստի այս բանաձևը մեզ սթափության, բոլոր ուղղություններով արմատական բարեփոխումների լծվելու, նորանոր անվտանգային մարտահրավերների և ահռելի հնարավորությունների պատրաստ լինելու կոչ է»,- նշեց պատգամավորը: