ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ տեղի ունեցածը ծանր է ոչ միայն դահլիճում գտնվողների, Երևանում, Հայաստանում կամ Արցախում գտնվողների համար, այլև ծանր է համայն հայության համար՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ և ամենուր, բոլորը փորձում են հասկանալ ու դուրս գալ շոկից:
«Ինձ համար ավելի ծանր է անձնական առումով, որովհետև 1990-ականների ցուրտ ու մութ տարիների իմ ամենավառ հիշողությունը Շուշիի ազատագրումն էր: Կրկնակի դժվար է կանգնել այստեղ, խոսել այս օրերին՝ լինելով միջազգային իրավունքին առնչվող մարդ, քանի որ տեսնում էի, թե իմ աչքի առաջ ինչպես է մահանում միջազգային իրավունքը, ինչպես էր ուժի իրավունքը սկսում գերակայել իրավունքի ուժի նկատմամբ»,- նշեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ «սեպտեմբերի 27-ը» սկսվել է դեռ 1890-ականների երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունում որդեգրվեց Հայոց ցեղասպանության քաղաքականության իրագործում՝ նշեց պատգամավորը:
«Սա պատերազմ չէր, սա շղարշ էր ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով Հայոց ցեղասպանության հերթական փուլն իրագործելու համար: Եվ այս պատերազմում մեր դեմ էին միավորվել Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից բերված վարձկանների մեծ բանակ»,- նշեց Վարդանյանը:
Պատգամավորը ողջունեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած այս քննարկումը՝ նշելով, որ այդ դահլիճում պետք է հնչի քաղաքական խոսք, լուծվեն քաղաքական հարցերը:
«Այո՛, ռազմական դրությունը պետք է հանվի, այն հավերժ չի կարող և չպետք է մնա: Այն պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան և եթե դա հնարավոր լինի: Անթույլատրելի է այս պարագայում առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրությունը հանելուն»,- նշեց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը ռազմական դրությունը չի հանել, նույնիսկ պարետային ժամը չի հանվել: