ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:
«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,- հայտնել է Ալթունյանը:
Նա պարզաբանել է խնդիրը.
«Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն՝ ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»: