Վրաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումներ կգործեն նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ՝ փոխանցում է aliq.ge կայքը:
Նոր սահմանափակումների համաձայն՝ արգելվում է մարդկանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին`դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին: Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային, այդ թվում՝ միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան: Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության:
Բոլոր վաճառակետերն անցնում են առցանց վաճառքի (բացառություն են սննդի վաճառակետերն ու կենդանիների կերի վաճառքի կետերը, դեղատները, անասնաբուժական դեղատները, կենցաղային, քիմիական նյութերի և հիգիենայի խանութները և մամուլի կրպակները):
Գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ թույլատրվում են միայն առցանց ձևաչափով:
Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Գյուղմթերքի շուկաները կշարունակեն գործել:
Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։